16/01/2023 12:30
Կարևորագույն հարցերում Արցախի ու Հայաստանի իշխանություններն ունեն հակասություններ. Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ)
Արցախում կոնսենսուս կա առ այն, որ Հայաստանի իշխանությունների՝ Արցախի հարցով որդեգրած քաղաքականությունը հակասում է Արցախի, արցախյան շարժման հիմքում ընկած մոտեցումներին, Ազգայն ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Ըստ նրա՝ Արցախի մոտեցումը էականորեն տարբերվում է Հայաստանի իշխանության դիրքորոշումից:
«Ակնհայտ է, որ կարևորագույն հարցերի հետ կապված՝ Արցախի ու Հայաստանի իշխանություններն ունեն հակասություններ, բայց որոշակի ուղղություններով՝ սոցիալական, տնտեսական, որոշակի մակարդակի վրա հարաբերություններ ընթանում են, - նշեց պատգամավորը:
Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսից հետո Արցախի ԱԽ հայտարարությունը վկայությունն է այն բանի, որ հակասություն կա երկու կողմի միջև:
«Հայաստանը հայտարարում է, որ անվտանգային ու քաղաքական առումով անելիք չի տեսնում Արցախում, ինչը կողմերի հակադրության կարևոր դրույթներից մեկն է: 44-օրյա պատերազմից հետո Արցախը միայնակ չի կարող իր առջև դրված խնդիրները լուծել», - ասաց նա:
Այն, որ ՀՀ իշխանությունն ասում է՝ արցախցիները պետք է խոսեն ադրբեջանցիների հետ, սա, ըստ Աբրահամյանի, նպատակ է հետապնդում Հայաստանին դուրս դնելու Արցախի ճակատագրի հետ կապված ցանկացած գործընթացից: