16/01/2023 12:49
Սպառնալիքները Հայաստանի ու Արցախի գլխին մեծանում են. ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելը չի նվազեցնում ադրբեջանական հնարավոր հարձակման հավանականությունը. Տիգրան Աբրահամյան
ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը, առաջին հերթին, ուղղված է Զինված ուժերի մարտունակության բարձրացմանը, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«ՀԱՊԿ-ի ֆորմատում այն ուղղված է ոչ միայն մարտունակության բարձրացմանը, այլ նաև՝ զորքերի ներդաշնակեցմանը», - ասաց նա:
Ըստ Աբրահամյանի՝ Ռուսաստանի քայլը՝ զորավարժություններ այս տարի Հայաստանում անցկացնել, ունեցել է քաղաքական նշանակություն ու հիմք՝ պայմանավորված Հայաստանում ստեղծված իրավիճակով:
«Ես սա որոշակի սատարման քայլ եմ դիտարկում», - ասաց նա:
ՀՀ իշխանությունների՝ այս շրջանում զորավարժությունները Հայաստանում ոչ նպատակահարմար համարելու որոշումն ընդդիմադիր պատգամավորի համար ընկալելի չէ:
«Ակնհայտորեն, սպառնալիքները Հայաստանի ու Արցախի գլխին մեծանում են, ու ՀՀ իշխանությունների քայլը՝ հրաժարվել այս կամ այն զորավարժություններից, որևէ ձևով չի նվազեցնում ադրբեջանական հնարավոր հարձակման հավանականությունը: Ավելին ասեմ՝ եթե Ադրբեջանը նման նպատակ ունենա, հաստատ առիթը կգտնի ու այդ զորավարժությունները չէ, որ կաշկանդելու կամ նրա համար հնարավորություն են ստեղծելու», - ընդգծեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը: