16/01/2023 10:25
Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով չեմ պատկերացնում՝ Արցախ մեկնելու առաջարկն ինչպես կարելի է իրագործել. Ալեն Սիմոնյան
Մեկնարկել է Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանը:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեց՝ ժամանա՞կը չէ Արցախի գործընկերների հետ քննարկում-հանդիպում կազմակերպելու, կամ՝ Արցախ այցելելու:
«Դուք հանդիսանում եք Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ, չնայած մի քանի անգամ ընդդիմությունն առաջարկել է, պահանջել, որ տեղի ունենա նիստ, բայց այդպես էլ չի կայացել: Հիմա դուք ի՞նչ կարող եք ասել այդ մասին, նախատեսվա՞ծ է արդյոք հանդիպում, քննարկում պատգամավորների միջև՝ համատեղ ելքեր գտելու համար», - հետաքրքրվեց Մինասյանը:
Ալեն Սիմոնյանն էլ ասաց, թե հանդիպում նախատեսված էր սեպտեմբերի 19-ին, բայց սեպտեմբերի 13-14-ի դեպքերի պատճառով այդ հանդիպումը հետաձգվեց:
«Իսկ ստեղծված իրավիճակում նման բան նախատեսելը դժվար է, այս պահին որևէ նման քննարկում չկա Արցախի մեր գործընկերների հետ», - նշեց ԱԺ նախագահը:
Արծվիկ Մինասյանն էլ ասաց՝ գուցե սա լավ առիթ է պատգամավորական ա՞յց կատարելու:
«Գուցե փորձ արվի Արցախ մեկնելու համար հիմքեր ստեղծել, կամ՝ առցանց մակարդակով քննարկում հրավիրել», - նշեց նա:
Ալեն Սիմոնյանն էլ հակադարձեց՝ Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով չի պատկերացնում Արցախ մեկնելու առաջարկն ինչպես կարելի է իրագործել:
«Առցանցի մասին կարող ենք քննարկել, հասկանալ, եթե նման հնարավորություն տեսնում են նաև Արցախի մեր գործընկերները՝ ինչո՞ւ ոչ», - ասաց Սիմոնյանը: