17/01/2023 20:47
Բուրսիտ. Հոդերի շարժունակությունն ապահովող բարձիկների քրոնիկ բորբոքում
Բուրսիտ հիվանդությունը հոդերի շարժունակությունն ապահովող բարձիկների սուր կամ քրոնիկ բորբոքումն է:
Մարմնի մկանները ոսկրերին միանում են սպիտակ պինդ շարակցահյուսվածային (ֆիբրոզ) լարերով, որոնք կոչվում են ջլեր: Երբ ջլերն անցնում են ոսկրերի և հոդերի միջով, առաջացնում են փոքր բարձիկներ, որոնք լցված են հեղուկով: Այս փոքր բարձիկները կոչվում բուրսաներ և մեղմացնում են ոսկրերի հետ ջլերի շփումը:
Տարբեր պատճառներով այդ բարձիկները կարող են բորբոքվել և առաջացնել ցավ։
Սուր բուրսիտն ավելի հաճախ առաջանում է հոդապարկի շրջանում վնասվածքի հետևանքով կամ որպես որևէ այլ ներհոդային հիվանդության բարդություն: Զննմամբ բուրսիտը կարող է հայտնաբերվել որպես մաշկային կարմրություն և շճային հեղուկով լցված փափուկ առաձգական ուռածություն: Սուր բուրսիտը կարող է բերել հոդի շարժունակության սահմանափակման, երբեմն նաև մարմնի ջերմության բարձրացման: Դրանք կարող են բարդանալ թարախային բորբոքմամբ և ֆլեգմոնայի առաջացմամբ:
Քրոնիկ բուրսիտը զարգանում է հոդերի հարակից զսպանակների երկարատև մեխանիկական գրգռման հետևանքով: Քրոնիկ բուրսիտը հոդերի շարժունակության վրա չի ազդում, սակայն կարող է սրվել՝ հանգեցնելով ժամանակավոր անաշխատունակության:
Բուրսիտների ամենահաճախ հանդիպող տեղակայումներն են՝
բազուկ՝ սուբակրոմիալ բուրսիտ,
ազդր՝ տրոխեանտերիկ բուրսիտ,
ծունկ՝ պրեպատելար բուրսիտ,
արմունկ՝ օլեկրանոնային բուրսիտ,
աքիլեսյան ջիլ՝ ռետրոկալկանեալ բուրստ,
ոտնաթաթ:
Բուրսիտների բուժման ստանդարտ մոտեցումը համապատասխանում է անգլերեն RICE հապավմանը, ներառելով՝ հանգստի ռեժիմ (rest), սառույցի օգտագործում (ice), ճնշման կարգավորում (compression) և բարձր դիրքի հարմարեցում (elevation):
Հակաբորբոքային դեղերը նույնպես կարող են օգտակար լինել, իսկ բարդությունների պարագայում կարող է առաջանալ վիրահատական բուժման կարիք:
Վերականգնման փուլում բժիշկը և ֆիզիոթերապևտը կառաջարկեն նաև հավելյալ ձգող վարժություններ:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։