17/01/2023 19:26
Ինչու է կարևոր խոլեսթերինի և լիպիդների պարբերական լաբորատոր հետազոտությունը
Արյան լիպիդների հետազոտության նպատակը արյան մեջ խոլեսթերինի տարբեր տեսակների մակարդակի որոշումն է։
Այս հետազոտությունը թույլ է տալիս գնահատել, թե մարդն ինչ չափով է ենթարկվում սրտանոթային հիվանդությունների և ինսուլտի ռիսկին։
Խոլեսթերինի մակարդակի լաբորատոր թեստերն այլ կերպ անվանում են լիպիդային պրոֆիլի հետազոտություն։
Արյան լիպիդային պրոֆիլը ներառում է հետևյալ չորս ցուցանիշները՝
ընհանուր խոլսեթերին,
բարձր խտության լիպոպրոտեիդների խոլեսթերին,
ցածր խտության լիպոպրոտեիդների խոլեսթերին,
տրիգլիցերիդներ։
Լիպիդները և խոլեսթերինը արյան ճարպանման նյութերն են, որոնց որոշ տեսակներ անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար։ Այնուամենայնիվ, եթե ձեզ մոտ հայտնաբերվել է խոլեսթերինի կամ տրիգլիցերիդների բարձր մակարդակ, ուրեմն առկա է սրտանոթային հիվանդությունների զարգացման բարձր ռիսկ։
Սովորաբար արյան լիպիդների թեստը խորհուրդ է տրվում կատարել 45 տարեկանից հետո, հատկապես արյան բարձր ճնշում (հիպերտենզիա) կամ շաքարային դիաբետ (շաքարախտ) ունեցողների շրջանում։
Դրական ախտորոշման դեպքում կարիք կլինի կանոնավոր կերպով կրկնելու այս հետազոտությունը՝ հսկելու խոլեսթերինի ֆրակցիաների մակարդակը։ Խոլեսթերինի և լիպիդների մակարդակը նվազեցնելիս զգալիորեն կրճատվում է նաև սրտամկանի ինֆարկտի ռիսկը։
Հետազոտությունը իրականացվում է բացառապես քաղցած վիճակում. վերջին սնունդը պետք է ընդունել արյունը հանձնելուց առնվազն 9-12 ժամ առաջ (այս ընթացքում կարելի է միայն ջուր խմել): Դեղերի օգտագործման դեպքում անհրաժեշտ է այդ մասին տեղեկացնել բժշկին։
Ընդհանուր խոլեսթերինի, ԲԽԼ- և ՑԽԼ-խոլեսթերինների ու տրիգլիցերիդների մակարդակն իմանալն ինքնին կարևոր է, սակայն այդ ցուցանիշները պետք է մեկնաբանվեն սրտանոթային մյուս ռիսկի գործոնների հետ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։