17/01/2023 17:20
Շրջափակված Արցախի բնակիչներին վաղվանից կտրոններ կտրամադրվեն՝ սննդամթերք գնելու համար
Շրջափակման պատճառով Արցախի բնակչությունը կանգնել է պարենի սուր անբավարարության խնդրի առջև։ Արցախի կառավարությունը ներդնում է կտրոնային համակարգը՝ առաջնային նշանակության պարենային ապրանքները առավելագույնս համաչափ բաշխելու նպատակով։
Արցախում բրինձը, մակարոնեղենը, հնդկաձավարը, շաքարավազը և ձեթը կվաճառվեն միայն կտրոնով ։
Յուրաքանչյուր քաղաքացի միանգամից կստանա 9 կտրոն։ Մեկ անձի համար ամսական կտրվածքով կհատկացվի յուրաքանչյուր սննդամթերքից մեկական կիլոգրամ և 1 լիտր ձեթ։
Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը տեղեկացնում է, որ կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի հունվարի 18-ից։
«Հարգելի՛ քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի հունվարի 18-ից, ժամը 9:00-ից:
Ավելորդ հերթերից խուսափելու համար հորդորում ենք յուրաքանչյուր ընտանիքից սպասարկման կետ ներկայանա մեկ անձ՝ իր հետ ունենալով ընտանիքի բոլոր անդամների համապատասխան փաստաթղթերը:
Տեղեկացնում ենք նաև, որ կտրոնները տրամադրվում են՝ խանութից համապատասխան գնումներ իրականացնելու նպատակով»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրությունում: