17/01/2023 10:42
«Ժողովուրդ». ՔՊ-ական Արմեն Փամբուխչյանը նեղացած է թիմից ու Նիկոլ Փաշինյանից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչու ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, ՔՊ-ական Արմեն Փամբուխչյանը չնշանակվեց ներքին գործերի նախարարի տեղակալ, արտակարգ իրավիճակների ոլորտի պատասխանատու: Նշենք, որ Ներքին գործերի նախարարության հաստատված կառուցվածքի համաձայն՝ նախարարը պետք է ունենա չորս տեղակալ, և այդ հաստիքներն արդեն զբաղեցված են: Նրանք են Արամ Հովհաննիսյանը, Արփինե Սարգսյանը, Դավիթ Համբարյանը և Կամո Ցուցուլյանը:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արմեն Փամբուխչյանին առաջարկել են զբաղեցնել փոխնախարարի պաշտոնը, բայց նա հրաժարվել է: Իրականում պաշտոնից նրա հրաժարումն ունի խորը արմատներ: Իշխանություններից մեզ հասած լուրերի համաձայն՝ նա հրաժարվել է փոխնախարարի պաշտոնն ընդունել, քանի որ քաղաքական իշխանությունները նրան չտարան ներքին գործերի նախարար և նախընտրեցին Վահե Ղազարյանին:
Փամբուխչյանը, մասնավորապես, ասել է, որ չի պատրաստվում նախարարից հետո գնալ և որպես որևէ նախարարի ենթակա աշխատել: Ասել է թե՝ ՔՊ-ական Փամբուխչյանը նեղացած է թիմից ու Նիկոլ Փաշինյանից»։