17/01/2023 13:11
Ադրբեջանը պետք է վերաբացի Լաչինի միջանցքն՝ առանց որևէ նախապայմանի. Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար
Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար, Չեխիայի խորհրդարանի իշխող խմբակցության ղեկավար Մարեկ Բենդան արձագանքել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված իրավիճակին։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը չեխ գործընկերներին իրավիճակը պատշաճ ներկայացնելու համար շնորհակալություն է հայտնել Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին։
«Ինքս, որպես Հայաստան-Չեխիա բերեկամական խմբի ղեկավար, իրավիճակի վերաբերյալ պարբերաբար տեղեկացնում եմ չեխ գործընկերներին՝ ակնկալելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ հստակ գնահատականներ, կոչեր և քայլեր»,- նշել է Հովհաննիսյանը՝ ներկայացնելով չեխ գործընկերոջ հայտարարությունը։
«Խորապես մտահոգված եմ Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմամբ։ Հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներն ու սադրանքները, 120.000 մարդու կենսապահովման հիմնական աղբյուրից զրկելը առաջացնում է մարդասիրական ծանր հետևանքներ։
Ադրբեջանը պետք է վերաբացի միջանցքը, ապահովի տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ առանց որևէ նախապայմանի։
Առաջընթացի ճանապարհը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քաղաքական կարգավորման շուրջ բանակցությունների շարունակությունն է, սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայից հետո Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը և տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հաստատումը»,- ասվում է հայտարարությունում։