18/01/2023 19:40
Գիրությունը՝ քրոնիկ հիվանդությունների զարգացման ռիսկ. Ինչպես լուծել խնդիրը
Գիրությունը ոչ միայն բարձրացնում է քրոնիկ հիվանդությունների զարգացման ռիսկը, այլև ինքնին հանդիսանում է առողջական խնդիր։
Գիրությունից ազատվելը ենթադրում է հասնել առողջ քաշի և պահպանելն այդ քաշը: Դա բարելավում է ընդհանուր առողջությունն ու նվազեցնում գիրության հետ կապված բարդությունների զարգացման ռիսկը:
Բուժմանը կարող են ներգրավվել տարբեր մասնագետներ՝ դիետոլոգը, վարքաբանական խորհրդատուն, որոնք կօգնեն սննդակարգում համապատասխան փոփոխություն կատարել և ակտիվ ֆիզիկական ապրելակերպ զարգացնել:
Նախնական բուժման խնդիրն է մարմնի քաշի 5-10%-ոց նվազեցումը: Սա նշանակում է, որ եթե ձեր մարմնի զանգվածը 91 կգ է և ՄԶԳ-ի չափմամբ համարվում եք գեր, ուրեմն կարիք ունեք կորցնելու ավելցուկային 4,5-9 կգ, որից հետո առողջական վիճակը կսկսի բարելավվել: Ընդ որում, որքան շատ հավելյալ կիլոգրամներ կորցնեք, այդքան ավելի հեշտ կլինի առողջ քաշին վերադառնալը:
Մարմնի քաշը նվազեցնող բոլոր ծրագրերը պահանջում են, որ մարդիկ փոփոխեն սնվելու սովորությունները և բարձրացնեն ֆիզիկական ակտիվությունը: Նպատակը պետք է լինի առողջ սննդակարգը և բավարար ֆիզիկական ակտիվությունը առօրյա կյանքի բաղկացուցիչ մասը դարձնելը։
Եթե ցանկանում եք ձերբազատվել ավելորդ կիլոգրամներից, պետք է կալորիաները կարգավորող սննդակարգը զուգակցեք կանոնավոր վարժանքների հետ։
Ավելցուկային կիլոգրամներից ազատվելու համար մարդկանց մեծ մասը կարիք ունի կրճատելու սննդի միջոցով ընդունվող կալորիաները։ Սա երկարատև և հետևողական գործընթաց է, որի էությունը անառողջ սննդատեսակները առողջով փոխարինելն է։ Արդյունքում սննդակարգը դառնում է հնարավորինս հավասարակշռված։ Սա ներառում է նաև ալկոհոլի օգտագործման սահմանափակում։
Գիրությունը բուժելիս սննդակարգի փոփոխությունները կարող են ներառել՝
կալորիաների կրճատում (կանանց համար՝ մինչև 1200-1500 կալորիա և տղամարդկանց համար՝ մինչև 1500-1800 կալորիա),
քիչ կալորիաներով հագեցում (մրգերի և բանջարեղենների մեծ քանակները հագեցնում են քաղցը՝ պարունակելով ավելի քիչ կալորիա),
ավելի առողջ մթերքների ընտրություն (անցում բուսական սննդամթերքներին՝ մրգեր, բանջարեղեններ և ամբողջահատիկավորներ, լոբազգիներ, ձկնեղեն, կերակրի աղի և շաքարի սահմանափակում և այլն),
որոշ սննդամթերքների կտրուկ սահմանափակում (ածխաջրերով կամ հագեցած ճարպերով հարուստ սննդատեսակներ, ալկոհոլ),
մթերքի փոխարինում ցածր կալորիական նախաուտեստներով:
Ֆիզիկական ակտիվությունը կարող է ներառել ոչ միայն կրկնվող և հոգնեցուցիչ վարժություններ, այլև ձեր կողմից նախընտրելի ֆիզիկական վարժանքներ՝ կանոնավոր արագ քայլք, զբոսանք, լող, հեծանվավարություն և այլն։
Գիրության վիրահատական բուժումը կամ բարիատրիկ վիրաբուժությունը կարող է օգնել ծանր ճարպակալմամբ որոշ մարդկանց, որ նրանք ստամոքսի վիրահատական ձևափոխման հաշվին կորցնեն ավելցուկային կիլոգրամներ։ Բարիատրիկ վիրահատությունը սովորաբար առաջարկվում է այն դեպքերում, երբ մարդն ունի մարմնի զանգվածի խիստ բարձր ցուցանիշ, չի կարողանում այլ միջոցներով կարգավորել մարմնի քաշը, գիրությունն առաջացնում է սրտանոթային կամ այլ վտանգավոր խանգարումներ կամ բացասաբար է ազդում առօրյա գործառույթների վրա։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։