18/01/2023 11:13
Երբ իշխանությունն առանց իզմ-երի է, ծնվում է գուրգենարսենյանիզմ
«Արցախի հարց կոչվածը լուծվել է ինքը: Էն մնացածը, ինչի մասին մենք խոսում ենք, դա տեխնիկական պրոցես է, որը որ կընթանա: Էդ տեխնիկական պրոցեսի ընթացքում քննարկումներ կլինեն՝ Արցախի հայկական բնակչության ներկայացուցիչների եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ»: «Թուրքիան մեզ չի սպառնացել երբեք: Մենք չունենք այդպիսի որեւէ փաստ՝ Հայաստանի պետական անկախությունը ճանաչելուց հետո, որ Թուրքիան մեզ որեւէ անգամ սպառնացել է, որեւէ սպառնալիք մեզ ներկայացրել է: Չի եղել ըտենց բան». սա Գուրգեն Արսենյանն է՝ 2023 թվականի ռազլիվի։
Նկարում պատկերված է Գուրգեն Արսենյանը՝ 2013 թվի։ Երբ գնում էր Երևանի ավագանու ընտրություններին՝ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ։
Մարդու, որը 10 տարի պայքարում էր Արցախի ինքնորոշման համար, և որն այսօր նույնպես իրատեսական է համարում Արցախի պետականությունը։ 2013-ին, դրանից առաջ ու հետո, Գուրգեն Արսենյանը մեկ բառ անգամ չի առարկել Վ. Օսկանյանին։ Ի դեպ, նրանք ընտրության էին գնում ԲՀԿ ցուցակով՝ մի կուսակցության, որի համար Արցախի ինքնորոշման իրավունքը և անկախ Արցախը հստակ ծրագրային դրույթ էին։ Բայց դա չէր խանգարում Գ. Արսենյանին՝ խոնարհաբար հանգրվանել ԲՀԿ խմբակցությունում։
Իսկ Գուրգեն Արսենյանի քաղաքական բեմելն ավելի վաղ էր՝2003-ին, երբ ՄԱԿ կուսակցությունը հայտնի կոմերցիոն տեխնոլոգիաներով մտավ ԱԺ։ Այդ մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել այդ թվականների «Հայկական Ժամանակ» օրաթերթում։
Հիմա հարց՝ 2003- իշխանություններին. ինչպե՞ս կարելի էր թույլ տալ բոլորին հայտնի մեթոդով ամբողջական խմբակցության հայտնվելը ԱԺ-ում։ Ինչպե՞ս և ինչո՞ւ, որ հիմա էլ Արսենյանը ունիսոն խոսի Ալիևի հետ։ Սև հումորի շրջանակներում՝ սա այն դեպքն է, երբ իսկապես « նախկիններն են մեղավոր»։
Եվ մի հարց էլ հազարավոր զոհերի, վիրավորների ընտանիքներին ու հայ ժողովրդին՝ ընդհանրապես. Արսենյանը Թուրքիայից երբեք վտանգ չի տեսել, բայց մենք հո տեսե՞լ ենք, թե թուրքական բայրաքթարները ինչպե´ս են սպանել մեր տղերքին, նրանց հատուկջոկատայինները և հրամանատարները ինչպե´ս են մասնակցել 44-օրյա պատերազմին, մենք հո լսո՞ւմ ենք, թե Էրդողանն ինչպես է ամեն անգամ սպառնում Հայաստանին, և թե ինչպե´ս օրեր առաջ Թուրքիան սատարեց Լաչինի ճանապարհի փակմանը, 44 օրյա պատերազմը սկսվեց թուրք-ադրբեջանական չդադարող զորավարժուըթյուններից անմիջապես հետո, իսկ այսօր էլ Կարսում մեծ զորավարժություններ են՝ մեր սահմանին, մեր՝ դեմ։