18/01/2023 09:33
«Հրապարակ». Ծանր օրեր են սպասվում` իրավիճակը դարձել է պատային. Ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը և ում միջոցով
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Արցախի խորհրդարանում պատգամավորների հետ փակ հանդիպման ժամանակ նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ Լաչինի միջանցքը բացելու համար Ադրբեջանը մի քանի պահանջ է ներկայացրել։ Մեկը Ռուբեն Վարդանյանի ազատումն է, մյուսը Կաշենի հանքի շահագործումը կասեցնելը, Լաչինի միջանցքի ռուսական անցակետում ռենտգեն-սկաներ սարքերի տեղադրումը և ադրբեջանցի ներկայացուցչի ներկայությունը, որը պետք է վերահսկի ՀՀ-ից Արցախ և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումները: Հաջորդ պահանջը ՊԲ ծանր տեխնիկայի դուրսբերումն է, որը 44-օրյա պատերազմից հետո մի քանի փուլով իրականացվել է։
Նախագահն ասել է, որ Ադրբեջանի հետ, ըստ էության, բանակցություններ չկան, այս պահանջներն իրենց ներկայացվել են միջնորդավորված: Ենթադրվում է՝ ՀՀ իշխանությունների միջոցով, ընդ որում՝ վերջնագրի տեսքով, քանի որ շաբաթներ առաջ արցախյան կողմը հայտնել էր կոմպրոմիսի գնալու պատրաստակամության մասին, մասնավորապես, երբ դեռ միայն Կաշենի հանքն էր թեման, ԱՀ իշխանությունները հակված էին ընդառաջել ադրբեջանական կողմին և «բնապահպանների» խմբին թույլատրել, որ մտնեն հանք ու մոնիթորինգ անեն։ Սակայն դրանից հետո նոր պահանջներ են առաջ քաշել:
Հարությունյանը հայտնել է, որ իրենք մերժել են այդ պահանջները, քանի որ չկա երաշխիք, որ դրանց կատարումից հետո միջանցքը կբացվի կամ բացվելուց 1-2 շաբաթ անց նորից չի փակվի։ Թերևս սրան ի պատասխան՝ երեկ Ադրբեջանը մի քանի ժամով դադարեցրեց գազամատակարարումը։ Նախագահն ասել է նաև, որ ծանր օրեր են սպասվում` իրավիճակը դարձել է պատային»։