18/01/2023 21:05
Արարատ Միրզոյանը Միացյալ Թագավորության պետնախարարին ասել է, որ հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկները և այժմ սպասում է արձագանքի
Հունվարի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր վիճակը:
Արարատ Միրզոյանն ընդգծել է միջազգային գործընկերների հստակ հայտարարությունների և գործուն քայլերի կարևորությունը` Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակումը դադարեցնելու և արցախահայության էթնիկ զտումը կանխելու նպատակով: Այս առումով կարևորվել է նախորդ օրը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին ՄԹ մշտական ներկայացուցչի հնչեցրած դիրքորոշումը:
Քննարկվել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կագավորման գործընթացը: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ, հերթական անգամ ցուցաբերելով իր կառուցողական մոտեցումը, հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկները և այժմ սպասում է արձագանքի:
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայ-բրիտանական երկկողմ համագործակցության օրակարգի ընդլայման հեռանկարներին»,- նշված է ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում: