18/01/2023 16:39
Շատ ապրանքատեսակներ խանութներում չկան, բանջարեղենի և մրգի խանութները վաղուց փակ են, ամենաբարդը դիզվառելիքի խնդիրն է․ Արցախի գյուղատնտեսության նախարար
Արցախի Հանրապետության Գյուղատնտեսության նախարար Հրանտ Սաֆարյանը «Արցախպրես»-ի հետ զրույցում անդրադարձել է շրջափակման պայմաններում Արցախում պարենի անբավարարության խնդրին։
«Բավականին ապրանքատեսակներ արդեն խանութներում չկան: Բանջարեղենի և մրգի խանութները վաղուց փակված են: Այս պահին փորձում ենք պահուստային ֆոնդում եղած ապրանքները մատակարարների միջոցով տրամադրել խանութներին, պահպանվում է մատակարար-հիմնադրամ կապը: Ամեն կերպ փորձում ենք դուրս գալ ստեղծված իրավիճակից: Պետք է սահմանափակումներ լինեն, որպեսզի կարողանանք հավասար բաշխել պարենը մեր համաքաղաքացիներին»,-նշել է Հրանտ Սաֆարյանը՝ հավելելով, որ Արցախի Հանրապետությունում այս պահի դրությամբ ցորենի և ալյուրի խնդիր չկա:
Նրա խոսքով՝ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում առկա են գարնանացանի, բանջարաբոստանային մշակության համար նախատեսված սերմեր:
«Դրանք խանութներում արդեն կան: Պակասն անպայման կլրացնենք պահուստային ֆոնդից, ցանկերն արդեն վերցրել ենք: Փորձելու ենք ամեն կերպ կազմակերպել գարնանացանի աշխատանքները: Այս պահին ամենաբարդը դիզվառելիքի խնդիրն է: Չեմ կարող հստակ ասել, թե պահուստային ֆոնդի շնորհիվ ինչքան աշխատանքներ կկարողանանք իրականացնել, բայց ամեն ինչ կանենք, որպեսզի ցանքսը հնարավորինս շատ կատարվի»,-նշել է նախարարը:
Անդրադառնալով տեղական մսի արտադրության հարցին՝ Հրանտ Սաֆարյանը հայտնել է, որ կան որոշակի խնդիրներ տավարի մսի շուկայում:
«Խնդիրը պայմանավորված չէ նրանով, որ տավարի միս չկա, ուղղակի ճիշտ չէ անասունները մորթել այս ժամանակահատվածում, որը հետագայում մի ուրիշ խնդիր է առաջացնելու: Առկա է նաև անասնակերի պակաս, որի որոշակի մասը ներկրվում էր Հայաստանից: Այս պահին քիչ է նաև կաթը, որը սեզոնային բնույթ է կրում. գարնանը կաթնատվությունը կբարձրանա»,- ասել է նա: