18/01/2023 20:56
Աշխարհն իսկական փոթորիկի մեջ է․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
Մեր աշխարհն իսկական փոթորիկի հետ է բախվել, Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում ելույթի ժամանակ ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ հավելելով, որ «փոթորիկը» մի շարք ուղղություններով է։
«Կարճաժամկետ հեռանկարում համաշխարհային տնտեսությունը կարող է ճգնաժամի մեջ հայտնվել, դրա սպառնալիքը կա, և խնդիրների լուծումն անհնարին կլինի, եթե երկրներն իրենք իրենց հաշիվ չտան այդ հարցում։
Արդեն իսկ շատ երկրներում անկում է գրանցվել, մատակարարումների շղթաները խախտվել են»,- ասել է նա՝ թվարկելով տնտեսական խնդիրները՝ էներգետիկ ճգնաժամ, գնաճ, դրան համատեղ՝ տոկոսադրույքների բարձրացում, նաև համավարակի բացասական ազդեցության հետևանքները։
«Աշխարհն այդպես էլ դաս չքաղեց առողջապահության հարցում և մինչև հիմա պատրաստ չէ համանման իրավիճակների կրկնությանը՝ ապագայում»,- ասել է Գուտերեշը։
Նա մատնանշել է նաև կլիմայի հետ կապված խնդիրները՝ մտահոգություն հայտնելով, որ չի հաջողվում իրականացնել գլոբալ տաքացման շեմը 1,5 աստիճանի վրա պահելու նպատակը․ այն հետին պլան է մղվել։
«Եթե համապատասխան միջոցառումներ չձեռնարկվեն, գլոբալ տաքացումը կարող է հասնել 2,8 աստիճան Ցելսիուսի, իսկ հետևանքներն աղետալի կլինեն»,- ընդգծել է ՄԱԿ գլխավոր քարտուղարը։