18/01/2023 09:50
«Ժողովուրդ». ԱԺ խորհրդի նիստով կորոշեն հարցը ուղարկել ՍԴ, որն էլ կորոշի ընդդիմադիրներին մանդատից զրկելու կամ չզրկելու հարցը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քաղաքական իշխանությունը մեկ տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու գործընթացի մասին է խոսում: Ինչպես նախորդ գործընթացը, որ 2022-ի հուլիսին էր սկիզբ առել, այս անգամ ևս անհասկանալի է՝ ինչ շարունակություն կունենա:
«ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս պահի դրությամբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է հարցը դուրս հանել խորհրդարանից ու այն, այնուամենայիվ, Սահմանադրական դատարան ուղարկել՝ բարձրագույն այդ ատյանին թողնելով ընդդիմադիրներին մանդատից զրկելու կամ չզրկելու հարցը: Այսինքն՝ օրենքի պահանջը կկատարեն, ԱԺ խորհրդի նիստով կորոշեն հարցը ուղարկել ՍԴ:
Մեր տեղեկություններով՝ ընդդիմադիրների շուրջ ծավալվող գործընթացի մասով իշխանության ներսում, այնուամենայնիվ, տարակարծություններ կան, ու ոչ բոլորն են, որ ողջունելու են մանդատազրկության թեման օրակարգ բերելը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ որոշ ՔՊ-ականներ նպատակահարմար չեն գտնում Արցախի շրջափակման այս օրերին քննարկման առարկա քաղաքական ինտրիգներ պարունակող հարցերը դարձնել, այդ թվում նաև՝ մանդատազրկության թեման:
Հարցի պարզաբանման համար «ժողովուրդ» օրաթերթը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանին դիմեց: Նրա կարծիքով՝ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու ու այդ առնչությամբ ՍԴ դիմելու գործընթացն օրենքի շրջանակներում է արվում:
«Օրենքը նման հնարավորություն տալիս է, որպեսզի Սահմանադրական դատարանը քննի այդ հարցը: Կարծում եմ, որ մեր երկրի հարցն ինձ համար առնվազն դա չէ: Առաջնայինն այսօր Լաչինի միջանցքն օր առաջ բացելու հարցն է, երկրորդը՝ այն վտանգը, որ սպառնում է Հայաստանի անվտանգությանը», - մեր ունեցած տեղեկություններն ըստ երևույթին հաստատելով՝ ասաց ՔՊ-ական պատգամավորը»։