18/01/2023 10:21
«Ժողովուրդ». Ինչ ցուցմունք է տվել դատարանի նախագահը դատավոր Արուսյակ Ալեքսանյանի քրեական վարույթով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Պողոսյանի ցուցմունքը՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի քրեական վարույթով: Ինչպես հայտնի է, դատավոր Արուսյակ Ալեքսանյանն արդեն երեք ամիս է՝ կալանքի տակ է, իսկ Գագիկ Պողոսյանն էլ հարցաքննվել է ԱԱԾ-ում:
Հենց առաջին հարցով քննիչը հետաքրքրվել է, թե երբվանից է Պողոսյանն աշխատում այդ պաշտոնում և Արուսյակ Ալեքսանյանի հետ ինչ փոխհարաբերությունների մեջ է գտնվում: Ի պատասխան՝ դատավորը նշել է. «1996թ. աշխատում եմ դատավորի պաշտոնում, իսկ 2022թ. օգոստոսի 10-ից աշխատում եմ որպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնակատար: Արուսյակ Ալեքսանյանին անձնապես չեմ ճանաչում, միայն գիտեմ, որ դատավոր է»:
Ապա քննիչը հետաքրքրվել է, թե միջնորդությունները դատարան ինչ կարգով են մակագրվում: «Աշխատանքային օրերին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածում, դատարան ներկայացված միջնորդությունները մակագրում եմ անձամբ՝ մակագրման թերթիկի վրա նշում կատարելով համապատասխան դատավորի անվան դիմաց, իսկ ժամը 18:00-ից հետո և ոչ աշխատանքային օրերին դատարան ներկայացված միջնորդությունները մակագրում եմ էլեկտրոնային եղանակով»»։