18/01/2023 16:54
Ադրբեջանի նախագահի հայտարարությունները էսկալացիա ստեղծելու նպատակ ունեն. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Ադրբեջանի նախագահի հայտարարությունները պրովոկացիոն բնույթ ունեն, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դրանք էսկալացիա ստեղծելու նպատակ ունեն, ու նաև այդ հայտարարություններին մեր ճիշտ արձագանքն է, որ պետք է տարածաշրջանում կայունության որոշակի գործոն հանդիսանա», - նշեց նա:
Վարչապետի խոսքով՝ Պրահայի պայմանավորվածությունների հիման վրա Հայաստանը պատրաստ է գնալ խաղաղության պայմանագրի ստորագրմանը:
«Տարածաշրջանում իրավիճակը կայուն պահելու լավագույն տարբերակը բանակցային ու քաղաքական ճանապարհով լուծումների գնալն է, ինչպես մենք ստանձնել ենք մեր պատրաստակամությունն ու պատասխանատվությունը, նույն կերպ պատրաստ ենք շարունակել», - ընդգծեց նա:
Փաշինյանն ասաց, թե Լաչինի միջանցքի շրջափակումն ու Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները նոր խոչընդոտներ են ստեղծում խաղաղություն հաստատելու համար:
«Բայց հարց՝ իսկ ո՞վ է ասել, որ հենց դա չէ Ադրբեջանի ուզածը, որ նաև այդ կարգի սադրիչ հայտարարություններով ամբողջությամբ վիժեցնեն խաղաղության գործընթացը», - նշեց Նիկոլ Փաշինյանը: