19/01/2023 21:11
Ինչպես է քաղաքի աղմուկն ազդում բնակիչների կյանքի որակի վրա
Մեծ քաղաքների աղմուկը բնակիչներին ուղեկցում է ամբողջ օրվա ընթացքում, նույնիսկ ուշ գիշերը։ Այն իր բացասական ազդեցությունն է թողնում մարդու ինչպես նյարդային համակարգի, այնպես էլ առողջության վրա՝ ընդհանրապես։
Աղմուկի ո՞ր աստիճանն է վտանգավոր մարդու առողջության համար և ընդհանրապես, ինչպե՞ս է աղմուկն ազդում մարդկանց կյանքի որակի վրա։
Ժամանակակից մարդու ականջի համար սովորական է մոտ 40-5-45 դեցիբել ուժգնությամբ աղմուկը՝ ցերակային ժամերին և 35 դեցիբել ուժգնությամբ աղմուկը՝ գիշերը, քանի որ քնած մարդու լսողական ընկալումը 10-14 դեցիբելով ավելի ցածր է։
100 դեցիբելը գերազանցող աղմուկը, եթե այն պարբերաբար է լսվում ու շարունակական է, լուրջ վնաս կարող է հասցնել մարդուն, ընդհուպ մինչև լսողության կորուստ։ Այդ պատճառով էլ, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած ցուցանիշի, աղմուկի առավելագույն թույլատրելի շեմը 85 դեցիբելն է։ Ընդ որում, այդպիսի աղմկոտ միջավայրում մարդը 8 ժամից ավելի չպիտի մնա։ Իսկ եթե աղմուկը գերազանցում է 100 դեցիբելը, ապա նման պայմաններում 15 րոպեից ավելի մնալը շատ վտանգավոր է։ Աղմուկի այսպիսի շեմ գրանցվում է համերգների ժամանակ, մարզադաշտերում, գիշերային ակումբներում, որոնք ակուստիկ հզոր համակարգերով են հագեցած։ Աղմուկի այս վտանգավոր շեմը «չափել» կարելի է մի պարզ կանոնի հետևելով՝ եթե ձեր կողքին նստած մարդուն որևէ բան ասելու համար ստիպված եք բարձր գոռալ, որ ձեր ձայնը լսվի, նշանակում է՝ այն վայրում, որտեղ գտնվում եք, աղմուկը վտանգավոր է ձեր առողջության համար։
Մեծ քաղաքներում աղմուկի մակարդակը տարբեր է լինում և տարբեր կերպ էլ ազդում է մարդկանց վրա։ Դա կախված է նրանից, թե որքան մոտ եք բնակվում աղմուկի «աղբյուրին», օրինակ՝ արդյունաբերական կենտրոններին, գործարաններին, երկաթուղուն, օդանավակայանին, մայրուղիներին և այլն։
Աղմուկն ամենաբարձն է երթևեկության միջին արագությամբ ճանապարհների մոտ․ աղմուկի շեմն այս գոտիներում հասնում է 90-95 դեցիբելի։ 60 կմ/ժ արագությամբ երթևեկության ժամանակ գետնի հետ ավտոմեքենաների անիվների շփման ձայնը գերազանցում է աշխատող շարժիչի ձայնին։ Մեծ ճանապարհների մոտ գտնվող թաղամասերի բնակիչներն ամենից շատ են տուժում այսպիսի աղմուկից, որի ուժգնությունը կարող է հասնել 67-77 դեցիբելի, հատկապես, եթե տարածքը ծառաշատ չէ։
Մարդու լսողությունը ժամանակի ընթացքում ադապտացվում, հարմարվում է աղմուկին, լսողության շեմը բարձրանում է, այդ պատճառով էլ որոշ ժամանակ աղմկոտ վայրում գտնվելուց հետո ցածր ձայները չեն լսվում, իսկ հետո լսողությունն աստիճանաբար լիարժեք վերականգնվում է։ Բայց որքան երկար ժամանակ մարդը գտնվի աղմուկի մեջ, այնքան կմեծանա ցածր ձայներ լսելու ունակությունը կորցնելու հավանականությունը։ Կարող է առաջանալ նաև սենսորային լսողության կորուստ, չի բացառվում նաև լսողության ընդհանուր կորուստը։
Աղմուկն այլ լուրջ խնդիրներ կարող է առաջացնել առողջության համար։ Հատկապես գիշերվա ժամերին պատուհաններից լսվող ֆոնային աղմուկը քնի խանգարումների պատճառ է դառնում, ինչն էլ բացասաբար է ազդում մարդու կենսագործունեության, դրա արդյունավետության վրա։ Աղմուկի նկատմամբ զգայուն են հատկապես փոքր երեխաները։
Աղմուկը կարող է նաև սիրտանոթային հիվանդությունների զարգացմանը նպաստել, նպաստավոր միջավայր ստեղծել զարկերակային ճնշման բարձրացման,սրտի անբավարարության, ինֆարկտի, կաթվածի առաջացման համար։
Պարբերաբար լսվող բարձր աղմուկը առաջին հերթին լսողության համար է վտանգավոր, ուստի եթե զգում եք, որ լսողությունը թուլացել է, ապա պետք է դիմել օտորինոլարինգոլոգին։ Բժիշկը կարող է ճիշտ գնահատել առկա վիճակն ու բուժում առաջարկել։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։