19/01/2023 11:20
Զորամասում հրդեհը հրդեհային անվտանգության կանոնների խախտման հետևանք է. օգտագործվել է արգելված միջոց՝ ավտոբենզին. Սուրեն Պապիկյան
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհը եղել է հրդեհային անվտանգության կանոնների խախտման հետևանք, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Ըստ նախարարի՝ օգտագործվել է արգելված միջոց՝ ավտոբենզին, այդ պատճառով էլ հնարավոր չի եղել հրդեհը մարել։
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն էլ ասաց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրօրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու ու ավելի անձի մահ։
«Դեպքի վայրում են գտնվում քննչական խմբի անդամները, ովքեր ողջ գիշեր աշխատել են, ներգրավվել են փորձագետներ ու կա նախնական վարկած առ այն, որ հրդեհը տեղի է ունեցել ջեռուցման հետ կապված հարցում անվտանգության կանոնների խախտման պատճառով, դա նախնական վարկածն է, որ այս պահի դրությամբ բավականին հիմնավորվել է», - ասաց Քյարամյանը։
Վարչապետն էլ ասաց, թե հրշեջ ծառայությունը պատշաճ ժամանակին հասել է, բայց հեռավորությունը բավականին մեծ է եղել։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
- Նախնական տվյալներով՝ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: