19/01/2023 10:03
«Ժողովուրդ». Արմեն Սարգսյանի գործը փաստացի չի քննվում, նա էլ հասցրեց այդ ընթացքում խորհրդավոր կերպով հրաժարական տալ ու անհետանալ Հայաստանից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության արգելքի առիթով հարուցված քրեական գործը Հակակոռուպցիոն կոմիտեում դոփում է տեղում: Շուրջ երկու տարի է, ինչ Հակակոռուպցիոն կոմիտեում այս գործով քննությունը շարունակվում է, սակայն մինչ օրս քրեական գործով մեղադրյալ չկա:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է գործը: Ի պատասխան՝ մեզ հայտնեցին, որ նախաքննությունը շարունակվում է: Ինչն է շարունակվում մասնավորապես՝ պարզ չէ: Նկատենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ընկել է մանր-մունր ձկների` թաղապետարանի աշխատակազմի պաշտոնատար անձանց, ոստիկանության նախկին տեսուչի և նման այլ դեպքերի հետևից, մինչդեռ խոշոր ձկները լողում են անպատիժ:
Հիշեցնենք, որ 2021 թվականին 53 փաստաբան հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել՝ ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի՝ երկքաղաքացիության փաստը թաքցնելու հետ կապված: Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) մերժել էր քրեական գործ հարուցելը, որի դեմ փաստաբաններով բողոք էին ներկայացրել: Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը տեղեկացրել էր, որ Գլխավոր դատախազությունը, բողոքի հիման վրա, վերացրել է ՀՔԾ որոշումը և հարուցել Է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի (փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հատկանիշներով:
Միևնույնն է, գործը փաստացի չի քննվում, Արմեն Սարգսյանն էլ հասցրեց այդ ընթացքում խորհրդավոր կերպով հրաժարական տալ ու անհետանալ Հայաստանից»։