19/01/2023 17:30
Հայաստանից Արցախ վերադառնալու ճանապարհին թշնամական սադրիչ գործողությունների կենտրոնում հայտնված երեխաներն այցելել են Ստեփանակերտի Ս. Հակոբ եկեղեցի, օրհնություն ստացել
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ արժանապատիվ Տեր Մինաս քահանա Մովսիսյանը Ստեփանակերտի Ս. Հակոբ եկեղեցի է հրավիրել շրջափակման պատճառով մեկ ամսից ավել ընտանիքից կտրված և երկու օր առաջ տուն վերադարձած երեխաներին, տեղեկանում ենք ՀԱՍԵ Արցախի թեմից։
Տեր Մինասն իր հայրական օրհնությունն ու խորհուրդներն է փոխանցել երեխաներին: Թշնամական սադրիչ գործողությունների կենտրոնում հայտնված անչափահաս երեխաների հետ ունեցած հոգևոր զրույցի ընթացքում Տեր Հայրը գոտեպնդել է նրանց` ասելով, որ մեր հայրենիքը այժմ դժվարությունների մեջ է, և այդ դժվարություններից մեկը հենց այն էր, ինչի միջով քաջաբար անցան երեխաները: Տեր Հայրը բժշկության աղոթք է կարդացել այդ փորձության թողած հոգեպես ծանր հետևանքները թոթափելու համար:
Վերջում Տեր Հայրը հորդորել է երեխաներին քրիստոնեաբար` առանց վախենալու, անցնել ցանկացած դժվարություն և հաճախակի այցելել եկեղեցի: