19/01/2023 22:03
«Պատրաստ ենք մասնակցել Հայաստանի հետ հերթական բանակցություններին՝ կարճ ժամկետներում»․ Բայրամովը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին
Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով իրենց երկրի արտգործնախարարությանը, կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լաչինի միջանցքի շուրջ ծավալվող իրադարձություններին վերաբերող հարցեր։
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպման ընթացքում պնդել է, թե ««Ադրբեջանի տարածքում» հայ բնակիչների շրջափակման և հումանիտար աղետի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը»։
Բայրամովը Խավիեր Կոլոմինային ասել է նաև, որ Ադրբեջանը պատրաստ է բանակցել Հայաստանի հետ։
«Չնայած հայկական կողմի ապակառուցողական քայլերին, մենք պատրաստ ենք մասնակցել հերթական բանակցություններին՝ կարճ ժամկետներում»- մասնավորապես, ասել է նա։
Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն իր հերթին նշել է, որ տարածաշրջանում լարվածության աճը մտահոգիչ է։ Նա ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակականության կարևորությունը՝ Հարավային Կովկասում խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար։