19/01/2023 20:49
Ելակի փոխարեն կարելի էր տաքացման համակարգ տեղադրել․ Պաշտպանության նախարարը պետք է հրաժարական տա․ Երվանդ Թարվերդյան
«Ելակի փոխարեն կարելի էր տաքացման համակարգ տեղադրել»,- News.am-ի հետ զրույցում նշել է «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Երվանդ Թարվերդյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքում գտնվող ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած ողբերգությանը
«Եթե դա դիրքերում լիներ, դեռ կարելի էր պատճառաբանել, որ չենք հասցրել կահավորել, թեեւ դա էլ ընդունելի չէ: Ելակի փոխարեն կարելի էր տաքացման համակարգ տեղադրել: Մենք խոսում ենք այսօր կառավարության նիստում անվտանգության համակարգերից. Ի՞նչ կապ ունի անվտանգային համակարգը, երբ, ըստ վարչապետի ներկայացրածի, սպան ցանկանում է բենզինով վառարան վառել: Սա նշանակում է, որ դյուրավառ բենզինը եղել է այդտեղ, որն արգելված է վառարանի համար: Կարելի է ենթադրել, որ նավթ չի եղել վառարանների համար:
Մյուս կողմից վարչապետն իր հայտարարությամբ քննչական մարմիններին ուղղորդում է, թե ինչ է եղել: Պատկերացրեք՝ քննիչը փորձի այլ ուղղությամբ քննություն տանել»,-ասել է նա:
Անդրադառնալով նրան, որ մի շարք զինվորական բարձրաստիճան պաշտոնյաներ պաշտոնանկ են արվել այս դեպքից հետո, Թարվերդյանն ասել է. «Ժամանակին Գերմանիայի պաշտպանության նախարարին մեղադրեցին, որ իր դոկտորական թեզում ինչ-որ մի մաս արտագրել էր այլ գիտական աշխատությունից, եւ նա հրաժարական տվեց: Կարծում եմ՝ մեր պաշտպանության նախարարը պետք է ոչ թե սպասի, որ հեռացնեն պաշտոնից, այլ ինքը պետք է հրաժարական տա:
Ասում են՝ սեպտեմբերին հակառակորդն առաջ եկավ, որովհետեւ չէինք հասցրել կահավորել դիրքերը, զենք չենք կարողանում ձեռք բերել, որովհետեւ հակառակ կողմը պայմանավորվածություններ են խախտել: Այսքան հակասությունների պարագայում էլ ի՞նչ պետք է լինի, որ նախարարը հրաժարական տա: Էլ ի՞նչ լինի, որ դուք հրաժարական տաք ու ասեք՝ մենք չենք կարողանում ղեկավարել այս համակարգը»,- ընդգծել է «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավարը։
Երվանդ Թարվերդյանի խոսքով, Հայաստանում մարդու կյանքը չի գնահատվում, մահերը դարձել են վիճակագրության թվեր. «Պաշտոնյան պետք է գիտակցի, թե ինքն ինչ պաշտոնում է աշխատում: Շատերը դա չեն գիտակցում: Այս անգամ քրեական գործ է հարուցվել, բայց քանի դեռ իշխանությունները սպորտային մոդելով են կառավարում, այսինքն իրենց թիմով են խաղում, ոչինչ չի փոխվի: Հասկացանք, որ կա թիմ, կա իշխանություն, բայց մի խառնեք կառավարումն ու իշխանությունը, կառավարումը պետք է իրականացնեն պրոֆեսիոնալները»,-ասել է նա: