19/01/2023 19:32
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է միջազգային հանրության հետևողական գործուն քայլերը Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ
Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը՝ գլխավորությամբ խմբի ղեկավար Բերենիսե Խուարես Նավառատեի։
Հանդիպմանը ներկա էր նաև Մեքսիկայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմելլա Շաքարյանը և ՀՀ-ում Մեքսիկայի պատվավոր հյուպատոս Նիկոլայ Կոստանդյանը։
Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը հույս է հայտնել, որ պատվիրակության այցը Հայաստան առավել կխորացնի երկու երկրների բարեկամական հարաբերությունները տարբեր ոլորտներում։ Վերհիշելով հայրապետական իր այցը Մեքսիկա՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր գոհունակությունն է արտահայտել հայկական համայնքի նկատմամբ Մեքսիկայի իշխանությունների հոգատար վերաբերմունքի համար։
Անդրադառնալով տարածաշրջանում տիրող ծանր իրավիճակին և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը՝ Նորին Սրբությունն իր մտահոգությունն է հայտնել Արցախի ժողովրդի խաղաղ ու ազատ ապրելու իրավունքի դեմ նոր ոտնձգությունների և դրանց հետևանքով ստեղծված հումանիտար աղետի առնչությամբ։ Հայոց Հայրապետը կարևոր է նկատել միջազգային հանրության հետևողական գործուն քայլերը Լաչինի միջանցքի վերաբացման ուղղությամբ։
Իր խոսքում խմբի նախագահ Բերենիսե Խուարես Նավառատեն կարևորել է ջանքերի գործադրումը՝ հանուն տարածաշրջանում խաղաղության հաստատման և ապահով կյանքի իրավունքի պաշտպանության։
Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը նաև տեղեկություններ է փոխանցել Մայր Աթոռի կողմից Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված տարածքներում Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության և Լաչինի միջանցքի վերաբացման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ: