19/01/2023 09:35
«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը նախկինում մեծ հափշտակութան համար կալանավորված գործարարի դստերը բարձր պաշտոնի է նշանակել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ներքին գործերի նախարարի նորանշանակ տեղակալ, նախկինում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի հայրը ՀՀԿ-ի իշխանության տարիներին հասցրել է մեղադրվել կոռուպցիոն մի աղմկահարույց գործի շրջանակներում: Խոսքը ՊՆ նախկին մատակարար Աշոտ Սարգսյանի մասին է, որը հայտնի է նաև որպես վեդեցի Տոզդոյի Աշոտ: Դեռ 2014 թվականին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Աշոտ Սարգսյանը ՊՆ-ին ապահովել է վիդեոկոնֆերանս սրահների տեխնիկայով: Մատակարարելուց հետո պարզվել էր, որ տեխնիկան ՊՆ-ի վրա վաճառվել է շուկայականից շատ բարձր գնով:
Նրա գլխավորած «ԱՍ-Թեչ անվտանգության համակարգեր» ընկերությունը գործում էր 2005 թվականից և հիմնականում ծառայություններ էր մատուցել պետական և հանրային կառույցներին` նրանց շենքերը կահավորելով համապատասխան սարքավորումներով: Այս ընկերությունը տեխնիկայով է ապահովել մասնավորապես ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, դատարանների շենքերը: Ըստ այդ ժամանակ առկա տեղեկությունների՝ Աշոտ Սարգսյանը վիդեոկոնֆերանսների սրահի սպասարկման համար հափշտակել էր շուրջ 455 հազար ԱՄՆ դոլար, և «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նա ունեցել է ՊՆ-ում հզոր տանիք՝ ի դեմս ՊՆ կապի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանի, որն Աշոտ Սարգսյանի համերկրացին է: Կալանքի տակ էր գտնվում, սակայն, միայն Աշոտ Սարգսյանը:
Կոմիտաս Մուրադյանը նախկինում եղել է ԼՂՀ ՊԲ 9-րդ պաշտպանական շրջանի հրամանատար, որտեղ հակառակորդը ապրիլի 2-ին մարտական լուրջ գործողություններ գրանցեց: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ Մուրադյանը և քառօրյա պատերազմի ժամանակ ազատված մի քանի անձինք «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում Սերժ Սարգսյանին ներկայացրել էին զենքերի տեսականին՝ հպարտությամբ նշելով, թե ինչ ունենք մենք, ինչ ունի հակառակորդը, սակայն իրականում թանգարանում ներկայացված զենքերը ՊՆ զինանոցում չէին էլ եղել:
Հենց դրա համար Սերժ Սարգսյանը պատժեց մատակարար Սարգսյանին: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նախկինում մեծ հափշտակութան համար կալանավորված գործարարի դստերը բարձր պաշտոնի է նշանակել»։