19/01/2023 21:23
Հունվարի 31-ից փետրվարի 4-ը տեղի կունենա Հայաստանի կանանց բռնցքամարտի առաջնությունը
Հունվարի վերջին տասնօրյակին Հայաստանի կանանց բռնցքամարտի հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի մայրաքաղաքի Օլիմպավանում: Այնուհետև, հունվարի 31 –ից՝ փետրվարի 4 –ը տեղի կունենա Հայաստանի առաջնությունը, տեղեկանում ենք ՀԱՕԿ պաշտոնական կայքից։
Մեկշաբաթյա հանգստից հետո, դարձյալ Օլիմպավանում, թիմը ուսումնամարզական պարապմունքների կմասնակցի: Գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանն ասում է, որ առաջատարների երկրորդ հավաքին կմիանան երիտասարդականի չորս մարզուհիներ, որոնք պետք է մասնակցեն Երևանում անցկացվելիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը․
«Անելիքները շատ են, քանզի առջևում են պաշտոնական պատասխանատու մրցաշարերը: Հնդկաստանում՝ Դելիում մարտի 15 – 31 –ը կանանց գլխավոր թիմը հանդես կգա աշխարհի առաջնությունում, իսկ հունիսին ՝ Եվրոպայի ամառային մարզական երրորդ խաղերում՝ Լեհաստանում : Ի դեպ, Կրակովի ստուգատեսում խաղարկվելու են « Փարիզ – 2024»-ի ուղեգրեր»:
Վաստակաշատ գլխավոր մարզիչը հույս ունի, որ նշած երեք մրցումներում հաջողությունից անմասն չեն մնա մեր մարզուհիները:
Հավաքների ընթացքում Ռաֆայել Մեհրաբյան, Հակոբ Մելքոնյան և Համլետ Սարգսյան եռյակին կմիանան նաև երիտասարդականի մարզիչներ Մանվել Գաբրիելյանը և Հարություն Նազարյանը: