19/01/2023 14:10
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահը կոչ է անում վերաբացել Լաչինի միջանցքը
Իսլանդիայի արտաքին գործերի նախարար և Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտիրը հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է անում վերաբացել Լաչինի միջանցքը։
«Ինձ մտահոգում է Լաչինի միջանցքի՝ մեկ ամիս շարունակվող արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց համար ստեղծված ավելի ու ավելի վտանգավոր մարդասիրական իրավիճակը։
Կոչ եմ անում համապատասխան իշխանություններին արագ վերականգնել միջանցքով տեղաշարժի ազատությունը՝ իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելու համար։
Ես կոչ եմ անում բոլոր շահագրգիռ կողմերին լուծել իրենց մտահոգությունները երկխոսության միջոցով և պատրաստ լինել իրենց ներդրումն ունենալ այս ուղղությամբ իրականացվող ջանքերում»,- նշվում է հայտարարությունում։
Հիշեցնենք՝ արդեն 38 օր է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։