19/01/2023 12:24
ԵԽ-ն կոչ է արել Ադրբեջանին անմիջապես դուրս բերել զորքերը Հայաստանի բոլոր տարածքներից. փաստաթղթում չափազանց կարևոր արձանագրումներ կան. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ երեկ տեղի է ունեցել իրադարձություն, որը պեք է անպայման հիշատակվի։
Ասաց՝ Եվրոպական խորհրդարանի (ԵԽ)՝ հունվարի 16-ից 19-ի լիագումար նստաշրջանի ընթացքում՝ հունվարի 18-ին կայացած քվեարկությամբ, ընդունվել է «Ընդհանուր արտաքին ու անվտանգային քաղաքականության իրականացում. 2022թ. տարեկան զեկույց» (CFSP) բանաձևը, որը զեկուցել է Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթրը։
«Այդ փաստաթղթում չափազանց կարևոր արձանագրումներ կան մեր տարածաշրջանի ու Հայաստանի մասին»,- նշեց նա։
«Մասնավորապես, զեկույցը խստորեն դատապարտում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի 2022թ. սեպտեմբերի ագրեսիան, որը զինադադարի խախտում է և լուրջ հետևանքներ ունի խաղաղության գործընթացի համար:
Վերահաստատվում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է լիարժեքորեն հարգվի և կոչ է արվում ադրբեջանական իշխանություններին անմիջապես դուրս բերել զորքերը Հայաստանի բոլոր տարածքներից:
Համոզմունք է արտահայտվում առ այն, որ ռազմական միջոցներով Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնել հնարավոր չէ: Դա պահանջում է համապարփակ քաղաքական կարգավորում՝ միջազգային իրավունքին համապատասխան՝ ներառյալ ՄԱԿ կանոնադրությունը, ԵԱՀԿ 1975 Հելսինկյան եզրափակիչ ակտը, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ 2009թ. հիմնարար՝ տարածքային ամբողջականության, ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքները»,- զեկույցը մեջբերեց վարչապետը։
Նա նշեց, որ մտահոգություն է արտահայտվում Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց նկատմամբ պատերազմական հանցագործությունների ու անմարդկային վերաբերմունքի կապակցությամբ և կոչ է արվում ադրբեջանական իշխանություններին ազատել իրենց հսկողության տակ գտնվող ռազմագերիներին:
«Աջակցություն է արտահայտվում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպումներ անցկացնելու նախաձեռնությանը: Ընդգծվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագիրը պետք է հասցեագրի հակամարտության արմատական պատճառները՝ ներառյալ ԼՂ-ում ապրող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, տեղահանված անձանց ու փախստականների վերադարձը, մշակութային, կրոնական ու պատմական ժառանգության պաշտպանությունն ու պահպանումը, ինչպես նաև տարածքային ամբողջականությունը: Ողջունվում է Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը և կոչ է արվում ԵՄ խորհրդին ընդլայնել տեղակայված փորձագետների քանակը, ավելացնել առաքելության կարողությունները, ամրապնդել ներկայությունը տարածաշրջանում»,- մեջբերեց վարչապետը։
Եվրախորհրդարանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտմամբ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, ինչի նպատակն է հումանիտար ճգնաժամ ստեղծել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: Խորհրդարանը պահանջում է Ադրբեջանի իշխանություններից անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը:
«Այս փաստաթուղթն ընդունվել է 407 կողմ, 92 դեմ, 142 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ. պետք է ընդգծեմ, որ աս փաստաթուղթը միայն Հայաստանի մասին չէ, այն շատ ծավալուն է։ Ընդունված փաստաթուղթը շատ կարևոր է այն առումով, որ արտահայտում է օբյեկտիվ իրականությունը։ Պետք է շնորհակալություն հայտնեմ ԵԽ պատգամավորներին, մեր գործընկերներին, ՀՀ այն գործընկերներին, ովքեր շարունակական, հետևողական աշխատել են օբյեկտիվ տեղեկատվությունը ԵԽ պատգամավորներին ու մեր գործընկերներին հասցնելու ուղղությամբ, պետք է շարունակել ջանքերն այս ուղղությամբ ու, ի վերջո, հասնենք հռչակված քաղաքական օրակարգի իրականացմանը»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։