19/01/2023 09:31
«Հրապարակ». ՀՀ իշխանությունները շարունակում են Ռուբեն Վարդանյանի ազատման հարցով Արայիկ Հարությունյանի վրա ճնշումներ գործադրել
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Ռուբեն Վարդանյանի և Արայիկ Հարությունյանի հարաբերություններն արտաքուստ թևակոխել են խաղաղ կարգավորման փուլ, սակայն Արցախի աղբյուրներն ասում են, որ դա թվացյալ է։ ՀՀ իշխանությունները շարունակում են Ռուբեն Վարդանյանի ազատման հարցով Արայիկ Հարությունյանի վրա ճնշումներ գործադրել, և Արցախում չեն բացառում, որ ինչ-որ պահի ԱՀ նախագահը կընկրկի։
Մենք գրել էինք, որ, ի թիվս այլ պահանջների, պետնախարարի հրաժարականը ևս ներառված է Լաչինի ճանապարհը բացելու Ադրբեջանի պահանջագրում։ Եվ չնայած Արցախի իշխանությունները մերժել են կատարել այդ պահանջները, որոնց մեջ մտնում են նաև սահմանային անցակետում ռենտգեն-սկաների տեղադրումը և ադրբեջանական սահմանապահի ներկայությունը, ինչպես նաև Արցախի ՊԲ-ի ամբողջական զինաթափումը և հանքերի շահագործման դադարեցումը, սակայն Ադրբեջանն առավել կարևորում է Վարդանյանի հեռացումը։ Այստեղ համոզված են, որ գործարարն Արցախ է գործուղվել Կրեմլի կողմից, և Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգից ձեռք քաշած ՌԴ իշխանությունները փորձում են նրա միջոցով ապահովել իրենց ներկայությունը Հարավային Կովկասում։
Հիշեցնենք, որ, ըստ հավաստի աղբյուրների, Պուտինը «Դվին» համալիրում հանդիպման ժամանակ Փաշինյանին և Արայիկ Հարությունյանին ուղիղ տեքստով ասել է, որ Ռուբեն Վարդանյանին ինքը չի գործուղել՝ երբ ուզում են, կարող են ազատել պաշտոնից»։