19/01/2023 10:47
«Ժողովուրդ». Երևանի քաղաքապետարանի նկատմամբ նոր վարույթ կհարուցվի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանի նկատմամբ նոր վարույթ կհարուցվի: Պատճառը 2021 և 2022 թվականներին ավտոբուսների ձեռքբերման գործընթացն է, ինչը շատ հարցեր է առաջացրել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մոտ:
Ըստ հանձնաժողովի՝ 2021 և 2022 թվականների ընթացքում ավտոբուսների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերի հրավերների տեխնիկական բնութագրերով առերևույթ սահմանվել են այնպիսի պահանջներ, որոնք կարող է հանգեցնել գնման ընթացակարգերի հնարավոր մասնակիցների համար անհավասար պայմանների ստեղծմանը և տնտեսական մրցակցության սահմանափակմանը: Բացի այս, արձանագրվել է տեխնիկական բնութագրերով սահմանված չափորոշիչների միայն կոնկրետ մեկ սուբյեկտի կողմից արտադրվող փոխադրամիջոցների չափորոշիչներին համապատասխանելու հավանականությունը, ինչը կարող է վկայել այլ տնտեսավարողի հետ համաձայնության ձեռքբերման հնարավորության մասին:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովը դիմել է քաղաքապետարան 2021 և 2022 թվականների ընթացքում ավտոբուսների ձեռքբերման նպատակով հայտարարված գնման ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով: Քաղաքապետարանը տրամադրել է ոչ ամբողջական տեղեկություն, բայց, չնայած դրան, հանձնաժողովը որոշել է կասեցնել հարուցված վարույթը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում վերսկսելու է վարույթը: Ի դեպ, նշենք, որ քաղաքապետարանը մինչ այս հասցրել է մեկ անգամ հանձնաժողովի կողմից նախազգուշացում ստանալ տեղեկությունը ոչ ամբողջական տրամադրելու համար:
Այս դեպքում քաղաքապետարանից պահանջվել էր ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից ինքնակամ կառույցների օրինականացման դիմումների վերաբերյալ տեղեկատվություն, «Քաղաքաշինություն» ընկերության և քաղաքապետարանի միջև կնքված բոլոր գործող պայմանագրերի պատճենները»։