20/01/2023 14:20
Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև տարեվերջ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանն իրատեսական է համարում մինչև տարեվերջ Հայաստան-Իրան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցումն ավարտելը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարդանյանն այս մասին ասել է Սյունիքի մարզում լրագրողների հետ ճեպազրույցում:
Թեև Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը սկսվել է դեռ 17 տարի առաջ՝ 2006-ին, սակայն, փոխնախարարի խոսքով՝ իրական աշխատանքները դե ֆակտո սկսվել են 2015-2016 թթ:
«Մինչև 2018 թվականի փետրվար-մարտ ամիսների վերակնքումները ընդհանուր ծավալից 1-2 տոկոս աշխատանք էր կատարված: Իրականում 2018 թվականի փետրվար-մարտ ամիսներից են սկսվել լայն թափով աշխատանքները»,-ասել է Վարդանյանը:
Այդ ընթացքում կորոնավիրուսի համավարակի, պատերազմի հետևանքով որոշակի դանդաղումներ եղել են: Փոխնախարարի խոսքով՝ դանդաղումներ են եղել օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: «Հուսով ենք, որ այս տարվա ավարտին ամբողջությամբ կավարտենք Իրան-Հայաստան ծրագիրը, այսինքն` գիծը մինչև Հրազդան պատրաստ կլինի»,-նշել է Վարդանյանը:
Երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցումից հետո փոխհոսքի հնարավորությունները ներկայիս 340 մեգավատի փոխարեն դառնալու են ժամում 1200 ՄգՎ: Դա նշանակում է, որ Հայաստանը տարեկան մինչև 7-7.5 մլրդ կվտ/ժ էլեկտրաէներգիա արտահանելու հնարավորություն կունենա, եթե էլեկտրաէներգետիկական ռեժիմները դասավորվեն ամենաիդելական վիճակում: Միջինում մինչև 5.5-6 մլրդ կվտ/ժ հնարավոր կլինի արտահանել:
Կառուցման համար վարկը տրամադրել է Իրանական արտահանման զարգացման բանկը, կապալառու ընկերությունը ևս իրանական է ՝«Սամիր»-ը : Հայկական կողմն այստեղ պատվիրատու է հանդիսանում: Շինարարության ավարտի ձգձգումը փոխնախարարը հիմնավորում է տարբեր պատճառներով: Օրինակ՝ որոշակի ժամանակ վատթարացել է կապալառու ընկերության՝ «Սամիր»-ի ֆինանսական վիճակը, խնդիրներ են եղել հողերի ձեռքբերումների, անտառհատումների հետ կապված և այլն: Սակայն, Վարդանյանի վստահեցմամբ, խոչընդոտների 90 և ավելի տոկոսը հիմա վերացել է: Հայկական կողմից խնդիր չկա, կապալառու ընկերության ֆինանսական խնդիրներն էլ հաղթահարվում են:
Վարդանյանը նաև վստահեցրել է, որ պետությունն ամեն ինչ արել է, հնարավոր աջակցությունը ցուցաբերել է, որ ծրագիրն արագ շարժվի առաջ: Նա միանգամայն իրատեսական է համարել մինչև տարվա վերջ աշխատանքներն ավարտելը: Եթե մինչև տարվա վերջ ինտենսիվ աշխատանքներ տարվեն, անպայման հնարավոր է վերջացնել: