20/01/2023 09:45
«Ժողովուրդ». Հեռացումներն առաջին քայլը կլինի, որից հետո կսկսվեն կալանավորումները
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի դեպքով սպասվում է կալանավորումների շարք: ՊՆ-ում ներքին քննարկում է եղել, որի ժամանակ նշվել է, որ հեռացումներն առաջին քայլը կլինի, որից հետո կսկսվեն կալանավորումները:
Նշենք, որ երեկվա ողբերգական դեպքով աշխատանքից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Ֆրունզի Գրիգորյանը, կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Միհրան Սերգեյի Մախսուդյանը, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ թիկունքի և ԿՇԾ գծով, թիկունքի պետ, գնդապետ Շիրազ Գևորգի Խաչատրյանը, հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալ, գնդապետ Արթուր Սերժիկի Օհանյանը, ՀՀ ԶՈւ թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետ, գնդապետ Սարգիս Ռոբերտի Մազմանյանը:
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ, պաշտպանության նախարարի հրամանով, աշխատանքից կազատվեն նաև բրիգադի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ռուդիկ Էդիկի Հակոբյանը, բրիգադի հրամանատարի տեղակալ թիկունքի և ԿՇԾ գծով, փոխգնդապետ Գոռ Սերգոյի Աղեկյանը, բրիգադի ինժեներական ծառայության պետ, կապիտան Տիգրան Նվերի Ղազարյանը, բրիգադի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Գոռ Գեղամի Սարգսյանը»։