21/01/2023 17:28
Դեպրեսիան մեծահասակների մոտ․ Ինչպես է այն ազդում կյանքի որակի վրա
Մեծահասակ մարդիկ ավելի քիչ են դիմում օգնության կամ գանգատվում դեպրեսիայի նշաններից, քան երիստասարդները։
Նրանք կարող են անգամ չհավատալ կամ չընդունել, որ տխուր են և ընկճված։
Մեծ տարիքում դեպրեսիան հաճախ մնում է չհայտնաբերված և սխալմամբ կապվում է տարիքի, դեմենցիայի կամ առողջական ընդհանուր ոչ բավարար վիճակի հետ։
65 տարեկանից բարձր մարդկանց մոտ դեպրեսիան կարող է ընթանալ ֆիզիկական գանգատներով, հիշողության կորստով և վարքագծային փոփոխություններով։
Մեծահասակների մոտ դեպրեսիայի պատճառները կարող են տարբեր լինել և կախված են այն հանգամանքից, թե երբ է դա առաջին անգամ ի հայտ եկել։
Եթե մարդու մոտ դեպրեսիան առաջին անգամ դրսևորվել է կյանքի վաղ տարիներին, ապա հնարավոր պատճառներից կարող են լինել ժառանգական կամ անհատական գործոնները, ինչպես նաև կյանքի ընթացքում տեղ գտած իրադարձությունները։ Եթե դրանք առաջացել են ավելի ուշ տարիքում, ապա առաջնային կարող են դառնալ ֆիզիկական առողջության խնդիրները։
Սոցիալական մեկուսացումը և միայնությունը, ինչպես նաև կորուստները նույնպես 65-ն անց մարդկանց մոտ կարող են համարվել դեպրեսիայի զարգացման հաճախ հանդիպող պատճառներ։
Դեպրեսիայի բուժումը մեծ տարիքում նման է տարիքային այլ խմբերում առաջարկվող բուժմանը, սակայն տարբեր կարող է լինել բուժման մոտեցումն ու մեթոդաբանությունը։
Տարիքը չի նվազեցնում դեպրեսիայի բուժման արդյունավետությունը։ Ավելին, մեծ տարիքում չհաղթահարված դեպրեսիան կարող է առաջացնել բազմաթիվ կողմնակի հետևանքներ, օրինակ՝ ծանրացնել առկա ֆիզիկական հիվանդության ընթացքը։
Միջին տարիքում ապրելակերպի փոփոխությունները կարող են որոշ չափով կանխարգելել ավելի մեծ տարիքում դեպրեսիայի զարգացման ռիսկը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։