21/01/2023 19:00
Դեղերի ընդունումը կրծքով կերակրման ժամանակ. Ինչի՞ց հրաժարվել
Կրծքով կերակրելիս բազմաթիվ դեղերի ընդունումն անվտանգ է, քանի որ դրանց բաղադրությունը մայրական կաթի մեջ չի հայտնվում կամ նորածնի մոտ որևէ տեսանելի կողմնակի ազդեցություն չի դրսևորում:
Այնուամենայնիվ, կան դեղեր, որոնց ակտիվ բաղադրիչները կարող են անցնել կրծքի կաթի մեջ և բացասական ազդեցություն թողնել նորածին երեխայի վրա: Ուստի, եթե դուք կրծքով կերակրող մայր եք, մինչև որևէ դեղ ընդունելը խորհուրդ հարցրեք երեխային հսկող բժշկից։
Որոշ դեղերի ընդունման պատճառով երեխայի մոտ կարող են առաջանալ փորլուծություն կամ փսխումներ, անսովոր քնկոտություն կամ գերգրգռվածություն: Կան նաև դեղեր, որոնք կարող են խթանել կամ կրճատել նորմալ կաթնատվությունը:
Այն, թե ընդունած դեղի ինչ քանակություն է հայտնվում կրծքի կաթում և ինչպիսի ազդեցություն է թողնում նորածնի վրա, կախված է տարբեր գործոններից՝ երեխայի տարիք և առողջական վիճակ, ընդունած դեղի տեսակ և դեղաչափ, ընդունման ժամ և ուղի (ներարկում, հաբեր, կաթիլներ, մոմիկներ և այլն):
Եթե բժիշկը որևէ դեղ է նշանակում, ապա համոզվեք, որ նա տեղյակ է ձեր կրծքով կերակրելու մասին:
Թեև քիչ դեպքերում է, որ կերակրող մայրը դեղ ընդունելու պատճառով ստիպված դադարեցնում է կրծքով կերակրումը, այնուամենայնիվ կարևոր է նախապես խորհրդակցել բժշկի հետ:
Պետք է առավել զգուշություն դրսևորել հատկապես այն դեպքերում, երբ նորածին երեխան ծնվել է վաղաժամ, ունի քաշի պակասորդ, հիվանդ է կամ հենց իրեն են նշանակված դեղեր:
Որոշ դեպքերում բժիշկը կարող է կնոջը խորհուրդ տալ, որ մի շարք դեղեր ընդունելիս ժամանակավորապես ընդհատի կրծքով կերակրումը, քանի որ նշանակված դեղերը կարող են վնաս պատճառել երեխային:
Կրծքով կերակրելու հետ անհամատեղելի համարվող դեղերի օրինակներից են՝
քաղցկեղի բուժման քիմիոթերապիայի որոշ դեղեր,
առիթմիայի դեմ նշանակվող դեղեր
հոգեկան հիվանդությունների, օրինակ՝ բիպոլյար խանգարման բուժման որոշ դեղեր,
ՄՌՏ հետազոտության ընթացքում օգտագործվող ներարկման դեղեր,
մաշկային հիվանդությունների, օրինակ՝ ակնեի (կորյակ) կամ փսորիազի բուժման որոշ դեղեր:
Ընդունեք դեղը կրծքով կերակրելուց անմիջապես հետո կամ երեխայի երկար քնից առաջ: Սա թույլ է տալիս նվազագույնի հասցնել կրծքի կաթով փոխանցված դեղի հնարավոր ազդեցությունը երեխայի վրա:
Վիտամինները, բուսական պատրաստուկները, արոմաթերապիայի և հոմեոպաթիկ արտադրանքները նույնպես կարող են դրսևորել կողմնակի ազդեցություններ:
Կրծքով կերակրելիս բուսական պատրաստուկները և թեյերը ևս չի կարելի դիտարկել որպես անվտանգ միջոցներ:
Պատվաստանյութերի մեծ մասը կրծքով կերակրման ընթացքում անվտանգ և արդյունավետ է: Սակայն կան նաև բացառություններ: Օրինակ, դեղին տենդի դեմ պատվաստումից պետք է հրաժարվել, քանի դեռ այն բացարձակ անհրաժեշտ չէ:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։