21/01/2023 18:41
Նիդերլանդների խորհրդարանը բանաձև է ընդունել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ․ Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիա
Նիդերլանդների խորհրդարանը բանաձև է ընդունել Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին, տեղեկանում ենք Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից։
«Նիդերլանդների խորհրդարանը ճնշող մեծամասնությամբ ընդունեց «Քրիստոնեական միություն» խմբակցության ներկայացրած բանաձևը, որը վերաբերում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը։ Բանաձևը ներկայացրել էր պարոն Դոն Սեդերը («Քրիստոնեական միություն» կուսակցություն) խորհրդարանում առաջիկա ԵՄ Խորհրդի ժողովի օրակարգում ներառված նյութերի քննարկումների և հանձնարարությունների ժամանակ։ Բանաձևը ստորագրել է նաև տիկին Ագնես Մյուլդերը («Քրիստոնյա դեմոկրատական կոչ» կուսակցություն)։
Բանաձևերում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղ տանող միակ ճանապարհի շրջափակումը շարունակվում է և դրա հետևանքով վատանում է այնտեղի բնակչության հումանիտար իրավիճակը, իսկ Ադրբեջանը շարունակում է անտեսել Լաչինի միջանցքը բացելու կոչերը և միաժամանակ ռուս խաղաղապահները չեն կատարում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված հայտարարության պայմանները։ Բանաձևը դիմում է կառավարությանը՝ հետաքննելու հնարավորությունները, որպեսզի եվրոպական մակարդակով բարձրացվի ճնշումն Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու Լաչինի միջանցքի շրջափակումը և այդ գործընթացում ներգրավվեն ԵՄ համախոհ անդամ երկրները։
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON-ը), որը հունվարի 17-ին խնդրագիր է ներկայացրել Նիդերլանդների խորհրդարան և խորհրդարանի դիմաց եռօրյա լռության բողոքի ցույց է անցկացրել Լաչինի միջանցքի ապաշրջափակման համար, ակնկալում է, որ Նիդերլանդների կառավարությունը և ԵՄ-ն լուրջ և արագ քայլեր կձեռնարկեն` մասնավորապես ճանապարհը ապաշրջափակելու և հումանիտար աղետին վերջ տալու համար: Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) կոչ է անում կառավարությանը և ԵՄ-ին և առհասարակ միջազգային հանրությանը` միջոցներ կիրառել վերջ տալու հումանիտար աղետին, որի հետևանքով 120 000 մարդ մնացել է առանց գազի՝ լեռնային շրջանի ցուրտ պայմաններում, առանց սննդի և դեղորայքի մատակարարման, օրական ընդամենը սահմանափակ ժամերով էլեկտրականության։ Միջազգային երաշխիքներ են անհրաժեշտ նման իրավիճակի կրկնությունը կանխելու համար։
Ադրբեջանի գործողությունների հետևանքով նվազել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու շանսերը։ ԵՄ-ն հույս ուներ իր և այլ միջնորդության շնորհիվ շուտով հասնել խաղաղության հաստատմանը: Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) շարունակում է հուսալ, որ միայն բանակցությունների միջոցով կարելի է հասնել խաղաղության»,- նշված է հաղորդագրությունում: