23/01/2023 21:14
Ադենոիդներ․ Պպատճառած անհանգստությունն ու բուժման մեթոդները
Ադենոիդները փափուկ հյուսվածքներից կազմված փոքր գոյացություններ են, իրենց բնույթով՝ «մսոտ» հյուսվածքային գեղձեր (այստեղից էլ՝ «քթի միս» անվանումը), որոնք տեղակայված են քթի խոռոչի հետևում՝ քթըմպանում:
Որպես ավշային համակարգի մի օղակ, ադենոիդները մասնակցում են վարակների նկատմամբ երեխայի իմունային պաշտպանությանը: Կառուցվածքով ադենոիդները նման են ավշային հանգույցներին կամ գեղձերին:
Երբ ադենոիդներն իրենք են վարակվում և մեծանում, առաջացնում են ինչպես քթով շնչառության, այնպես էլ ականջների հետ կապված խնդիրներ: Սուր խնդիրների առաջացնելու դեպքում ադենոիդները կարող են հեռացվել վիրահատական ճանապարհով:
Նշագեղձերի հետ ադենոիդները մասնակցում են երեխաների քթով և բերանով մուտք գործած բակտերիաների ոչնչացմանը:
Մենք բոլորս էլ ծնվում ենք ադենոիդներով: Դրանք իրենց ամենամեծ չափերին հասնում են 3-5 տարեկանում, որից հետո՝ 5-8 տարեկանում սկսում են հետաճել (փոքրանալ), իսկ սեռահասունացման շրջանում անհետանում կամ դառնում են աննշան չափերի:
Երբ ադենոիդները վարակվում և բորբոքում են, սկսում են այտուցվել և չափերով մեծանալ՝ ստեղծելով հետևյալ խնդիրները՝
միջին ականջի վարակներ (միջին օտիտ) և լսողության խնդիրներ, քանի որ մեծացած ադենոիդները փակում են քթի խոռոչը միջին ականջին միացնող եվստախյան փողը,
քթային շնչառության դժվարացում, որի պատճառով երեխաները ստիպված են շնչել բերանով՝ դրանով իսկ շնչառությունից դուրս թողելով քթի խոռոչի՝ ներշնվող օդը մաքրելու և խոնավացնելու կարևոր ֆունկցիաները (ուստի նաև բարձրացնում են կոկորդի, բրոնխների և թոքերի վարակային բորբոքման հավանականությունը),
զուգակցվող սինուսիտներ (հարքթային բորբոքում), որն իր հերթին խորացնում է քթով շնչառության խանգարումը և հանգեցնրում կայուն հարբուխի (երբ երեխայի քիթը միշտ լցված է),
քնի խանգարումներ, երբ մեծացած ադենոիդները երեխայի մոտ առաջացնում են քնի ապնոէ (երբ քնած ժամանակ երեխայի շնչառությունը ժամանակ առ ժամանակ մի քանի վայրկյանով ընդհատվում է):
Ադենոիդների հետ կապված խնդիրներ և ախտորոշման դեպքում բժշկի կողմից նշանակված հետազոտությունները ներառում են՝
քթի խոռոչների էնդոսկոպիկ հետազոտություն, երբ բժիշկ-մասնագետը մի ծայրին լուսավորվող տեսախցիկ ունեցող խողովակը (ռինոսկոպ) երեխայի քթանցքից զգուշությամբ ներս է հրում դեպի քթի և քթըմպանի խոռոչներ, զննում քթուղիները և հայտնաբերում մեծացած ադենոիդները,
հազվադեպ՝ քթի խոռոչի և հարակից ծոցերի ռենտգենոգրաֆիա կամ համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ):
Երեխաների մեծ մասի մոտ մեծացած կամ վարակված ադենոիդները բուժման կարիք չեն զգում, քանի որ դեռահասության տարիքում դրանք սովորաբար փոքրանում են, և խնդիրներն ինքնուրույն անհետանում են:
Որոշ դեպքում բժիշկը կարող է նշանակել հակաբիոտիկներ՝ ուղեկցվող սինուսիտը կամ միջին ականջի վարակային բորբոքումը բուժելու համար, եթե համոզված լինի, որ դրանց պատճառը ախտածին բակտերիաներն են:
Այնուամենայնիվ, եթե ադենոիդը պատճառում է լուրջ անհանգստություն (խռմփոց, քնի խանգարումներ, քթային շնչառության խիստ դժվարացում, միջին ականջի բորբոքում և այլն), բժիշկը կարող է առաջարկել ադեոնոիդների վիրահատական հեռացում:
Որոշ դեպքերում երեխաների նշագեղձերը հեռացնելիս հեռացնում են նաև ադենոիդները:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։