23/01/2023 18:16
Հայկական եռամիասնությունն այս իրավիճակի հանգուցալուծման հիմնական ուղիներից է․ Կամո Աթայան
Սկսած 1988-ի սկզբներից՝ արցախաադրբեջանական հակամարտության համարյա ամեն կարևոր իրադարձություն հիշում եմ, դրանցից շատերը վերապրել եմ իմ ժողովրդի հետ, և կարող եմ հստակ մի հետևության հանգել, որը նույնիսկ անելանելի վիճակներում հույս ու հավատ է ներշնչել մարդկանց, ու մեծ փոքր շարունակել են պայքարը ու, ի վերջո, հաղթել են…
Հիմա կհարցնեք, թե որն է եղել այդ գերբնական ուժը, ոգևորության ու պայքարի մղող այդ խթանը: Պատասխանը կարճ ու հստակ է՝ մեզ բոլորիս առաջ է մղել, հզոր էներգիա է հաղորդել, վերջապես, զոհաբերության է տարել Հայաստանի ու Հայ ժողովրդի նկատմամբ ունեցած և մոնոտոն աճող հավատը,պատասխանատվության զգացումը, ու դա տևել է, մեծ հաշվով, մինչև 2020 թվականը, երբ ողբերգական պատերազմը քարուքանդ արեց մեր ազգային ամրությունները, երբ սկսվեց հոգևոր անկման, սեփական ուժերի նկատմամբ կասկածի, խաղաղություն մուրալու շրջանը, որը համեմվում էր իշխանական մեքենայի անհիմն, անպատասխանատու քայլերով ու գործողություններով և պարտության ու անկարողության թեզերի գեներացմամբ:
Այո, շուրջ 30 տարի Հայաստանը և Հայ ժողովուրդը Արցախի անվտանգության, նրա լինելիության հիմնական երաշխավորն էին, ու դա մարդկանց մղում էր մեծագործությունների և, որպես արդյունք, մենք ունեցանք երկրորդ հայկական պետականությունը, որն անընդհատ ամրանում էր: Թող չթվա, որ այդ պրոցեսների ընթացքում եղած նեգատիվը չէինք տեսնում, ու դրա նկատմամբ պայքար չկար…
Շատ շատ սխալներ ու թերացումներ տեսանելի էին, բայց ընդհանուր էնտուզիազմը այնքան մեծ ու տպավորիչ էր, որ սխալների արմատների որոնման ու դրանց վերացման մասին մի պահ բոլորս մոռացանք և հետո միայն նկատեցինք, որ հասարակության մեջ գլուխ է բարձրացնում նյութապաշտությունը, խմբակայնությունը, «թայֆայականությունը», արագ ու նաև ուրիշի հաշվին հարստանալու մոլուցքը, և մեր աչքի առաջ հասարակությունը պառակտվում էր, ինչը մեր թշնամիները ոչ միայն տեսնում էին, այլև հնարավոր ձևերով նպաստում էին դրան…
Այդպիսի իրադրության մեջ սկսեց կրկին գլուխ բարձրացնել 20-րդ դարավերջի հայրենադավ այն ձևակերպումը, ըստ որի՝ առանց Արցախի «հնարավոր է» Հայաստանի գոյությունը և զարգացումը…
Ըստ էության, վերջին 2 տարում ՀՀ-ն դադարեց լինել Արցախի անվտանգության երաշխավորը, և հետպատերազմյան ավելի քան երկու տարիների ընթացքում այնպիսի իրավիճակ ստեղծվեց, որ ՀՀ իշխանությունները վախենում են արտաբերել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետություն բառակապակցությունը…
Ավելի քան 40 օր փակի տակ է Արցախը ՀՀ-ին և ամբողջ աշխարհին միացնող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, այնտեղ ապրող ու պայքարող ավելի քան 120 հազար բնակիչներ գտնվում են հումանիտար աղետի ճիրաններում ու թվում է, թե 1988-ի նման` հարյուր հազարավոր հայեր պետք է կազմակերպված դուրս գային հրապարակներ ու ազդակներ ուղղեին ինչպես տեղի իշխանություններին, այնպես էլ թուրքադրբեջանական տանդեմին ու աշխարհին…
Ինչպես տեսնում ենք` իրականությունը բոլորովին այլ է, և այդ պայմաններում ադրբեջանաթուրքական «էկոակտիվիստները» ավելի ցինիկ ու վտանգավոր են դառնում, ինչը լի է անդառնալի հետևանքներով ու, եթե կուզեք, հենց այս պահին այդտեղ է որոշվում և՛ Արցախի, և՛ Հայաստանի, և՛ ողջ հայ ժողովրդի ճակատագիրը…
Այնպես որ, սիրելի հայեր, եկեք վերանանք անձնական, խմբակային, կուսակցական, «թայֆայական» բնույթի բոլոր մանրումեծ, քայքայիչ, պառակտիչ գործողություններից, սրան-նրան չհավանելուց և համախմբվենք՝ մի առաջնորդ գտնելով և փրկենք մեր հայրենիքը վերահաս վտանգից, քանզի դա ուրիշ ոչ մեկը մեր փոխարեն չի կատարելու…
Եթե մենք ազգովին կրկին մեր գործողություններով ցույց տանք, որ տեր ենք Արցախին, այդժամ ոխերիմ թշնամին կհիշի ոչ հեռու անցյալը, իսկ աշխարհը վեր կկանգնի «օգտավետ» նավթագազային գործարքներց ու կվերականգնի Արցախի հարցով միակ միջազգային օրինական հարթակի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը …
Հայկական եռամիասնությունը թուրքի ամենահզոր թշնամին է…