23/01/2023 20:22
Լույս է տեսել Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի նոր աշխատությունը՝ նվիրված մեր մեծագույն սրբերից մեկի՝ Խոսրով եպիսկոպոս Անձևացու կյանքին ու գործունեությանը
Լույս է տեսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի նոր աշխատությունը՝ «Խոսրով եպիսկոպոս Անձևացի․ Սուրբ և հոգեկիր, Աստծու կամքը և երկյուղը ճշմարտությամբ ծանուցողի հույժ հոգեշահ, պիտանի և խրատական գործերը և կենսագրությունը»։
Խոսրով եպիսկոպոս Անձևացին մեր մեծագույն սրբերից մեկի՝ Գրիգոր Նարեկացու հայրն է, 10-րդ դարի մեր նշանավոր հայրերից է՝ իր աշխարհայացքով, հոգևոր խորքով, աստվածային Խոսքի ծառայությանը հավատարմությամբ, սկզբունքայնությամբ։
Այսպես է Բագրատ Սրբազանը բնութագրում Խոսրով Անձևացուն․ «Նա փոթորկահույզ և առեղծվածային կյանք ու դաժան ճակատագիր է ունեցել՝ զոհ դառնալով անարդարությանը և ժամանակի խարդավանքներին: Այսուհանդերձ, ներքին, հոգևոր ուժականությամբ, հակառակ կրած տառապանքներին, իր անբեկանելի հավատքով մնացել է հաշտության քարոզիչ՝ Աստծու և մարդու հետ։
Նա հոգու և մտքի ներդաշնակ ու սլացիկ ճախրանքով թափանցել է աստվածային հայտնության և ճշմարտությունների մեջ՝ ծանուցելով մարդկանց Աստուծո կամքն ու երկյուղը, ողորմությունն ու շնորհը, գթությունն ու սերը»:
Բագրատ Սրբազանը Խոսրով Անձևացուն անդրադարձել է դեռևս 1994թ-ից, երբ որպես Ճեմարանի ավարտաճառ կազմել է Խոսրով Անձևացու «Բացայայտութիւն կարգաց եկեղեցւոյ» երկի համեմատական բնագիրը՝ ցանկանալով նաև ներկայացնել Անձևացու կենսագրական գծերը, աստվածաբանական հայացքները և ուղղափառ դավանությունը:
Տարիներ անց՝ 2020 թվականին, Բագրատ Սրբազանը նախաձեռնել է Անձևացուց մեզ հասած բոլոր աշխատությունների աշխարհաբար փոխադրությունը՝ ցանկանալով ամբողջական լույսի ներքո ներկայացնել նրան և հասանելի դարձնել բոլորին:
Սույն աշխատությունը Բագրատ Սրբազանը նվիրում է երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Հայրապետի ծննդյան 90-ամյակին։