23/01/2023 20:49
Բլինքենն Ալիևին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը՝ բեռնափոխադրումների համար
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում կոչ է արել բացել Լաչինի միջանցքը՝ կոմերցիոն փոխադրումների համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի տարածած գրավոր հայտարարության մեջ։
«Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը կոչ է արել անհապաղ բացել Լաչինի միջանցքը՝ կոմերցիոն բնույթի փոխադրումների համար։ Նա ընդգծել է, որ Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով հումանիտար աղետի վտանգ է առկա, ինչը խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու հեռանկարները»,- նշված է հայտարարությունում։
Ըստ տեղեկատվության՝ Էնթոնի Բլինքենը Իլհամ Ալիևին հորդորել է նաև ակտիվացնել ջանքերը Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի բանակցությունների շրջանակում, ինչպես նաև մտահոգություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների առնչությամբ։