23/01/2023 19:14
Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները նոր մակարդակի են հասել․ Վոլոդին
Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները նոր մակարդակի են հասել, ինչը ենթադրում է համագործակցության զարգացում առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի, գյուղատնտեսության, բանկային ոլորտներում, հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլով Վոլոդինը Թեհրանում՝ Պետդումայի և Իրանի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի երրորդ նիստում։
«Այսօր Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները նոր մակարդակի են հասել, ինչը բնորոշվում է փոխադարձ վստահության ամրապնդմամբ և փոխգործակցության՝ գործնականում խորացմամբ»,- ասել է Վոլոդինը՝ հավելելով, որ նախատեսված է մի շարք ոլորտներում համագործակցության զարգացումն ամրագրող համաձայնագրերի և պայմանագրերի կնքում։
Երկու երկրների համագործակցությունը, ՌԴ Պետդումայի նախագահի խոսքով, ընդգրկում է գրեթե բոլոր ոլորտները։
«Ռուսական կողմը համատեղ ենթակառուցվածքային խոշոր ծրագրերի իրականացման, Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև համագործակցության ընդլայնման մեծ ներուժ է տեսնում»,- ասել է Վոլոդինը՝ հավելելով, որ խոսքը ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագրի փոխարեն հաստատուն համաձայնագրի կնքման մասին է։
«Դա հատկապես արդիական է ու կարևոր «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի իրականացման համատեքստում»,- ասել է նա։