23/01/2023 10:01
Ադրբեջանը կա´մ տակտիկական փոփոխությունների կգնա, կա´մ գործադրվող միջոցներն ավելի ինտենսիվ բնույթ կկրեն․ Աբրահամյան
Արցախի շրջափակման հարցում Ադրբեջանի հիմնական սպասումները չեն արդարացել, դրանով պայմանավորված՝ Ադրբեջանը կա´մ տակտիկական փոփոխությունների կգնա, կա´մ գործադրվող միջոցներն ավելի ինտենսիվ բնույթ կկրեն, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Այն քարոզչական, քաղաքական գործիքակազմը, որն Ադրբեջանը կիրառում էր Արցախի շրջափակման առաջին, երկրորդ տասնօրյակներում իրեն սպառել է, իսկ նորը դեռ խաղի մեջ չի մտցվել:
Մյուս կողմից սպառվել է այն ողջամիտ ժամկետը, որը Ադրբեջանին միջազգային ընկալման առումով մեծ շարժի հնարավորություն էր տալիս:
Ադրբեջանը քաղաքական բլից կրիգը ձախողել է, իսկ հիմա փորձում է իր իսկ առաջադրած խաղի կանոնները վերանայել:
Սա չի նշանակում, որ ամեն ինչ շուտով կավարտվի և կյանքն իր հուն կվերադառնա, սակայն արցախցիների դիմադրությունն ու պայքարը խառնել է ոչ միայն Ադրբեջանի, այլև միջազգային տարբեր դերակատարների խաղաքարտերը», - գրել է նա։