24/01/2023 19:36
Որոշ մարմիններում համակարգային կոռուպցիա կա․ Երվանդ Թարվերդյան
Եթե ժամանակին ինքս գովերգում էի, թե Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, այսօր արձանագրում եմ, որ իմ ունեցած ոչ պաշտոնական տեղեկություններով, որոշ մարմիններում վերականգնվել է համակարգային խուլիգանությունը, կոռուպցիան: Եթե մի ամբողջ մաքսային պահեստում տեսչական անձնակազմին ԱԱԾ են հրավիրում, ցուցակներ են հայտնաբերում, ուրեմն վերականգնվում է համակարգային կոռուպցիան: Ստացվում է՝ մենք ժամանակավո՞ր ուրախացանք: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասել է «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը:
Նրա գնահատմամբ, տնտեսության այսօրվա վիճակը շատ դեպքերում կապված է լարված քաղաքական իրավիճակից, կառավարության անկարողությունից, երբ իրենք, չկարողանալով կարգավորել խնդիրները, չեն էլ ցանկանում որևէ մեկի աջակցությունն ընդունել:
«Տարօրինակ է, բայց փաստ, որ մենք ներդրումներ չունենք՝ մեր մի շարք պաշտոնյաների անգործության հետևանքով: Այսօր չկա պատասխանատվության կարգ: Խոշոր ներդրումների համար ամենակարևորը քաղաքական կայուն դաշտն է, որովհետև խոշոր ներդրողը հարաբերություններ է ստեղծում պետական մարմինների հետ, և նա պետք է հասկանա, թե այդ երկրում ինչ քաղաքականություն է տարվում: Մեր պետությունում 2018 թվականից մինչ օրս ընդամենը մեկ ու կես տարի է կայուն քաղաքական իրավիճակ եղել: Ամբողջ աշխարհում անվտանգությունը համարժեք է ռիսկերին, շահութաբերությանը, այսինքն, ոլորտներ կան, որ էական չէ անգամ ծայրահեղ անվտանգային համակարգը:
Մեր պետությունը, իհարկե, պատերազմական վիճակում է, սակայն որոշ ճյուղերի համար ներդրումներն անվտանգ են, օրինակ` գյուղատնտեսության ոլորտը: Ներդրողի համար էական չէ՝ Հայաստանը կունենա՞ պետականություն, թե՞ ոչ, իրեն իր ոլորտն է հետաքրքրում և իր ներդրած գումարների շահը, իսկ խոշոր պետությունների ներդրողը գիտի, որ իր պետությունը պաշտպանելու է իր շահը: Արձանագրենք, որ այս գեոպոլիտիկ լարված իրավիճակում էլ, միևնույն է, պատերազմական գործողությունները երբեք չեն հասնելու այն վայրերին, որտեղ հնարավոր է ներդրումներ անել։Հայաստանում հիմա էլ կան ոլորտներ, որոնք բավականին հետաքրքիր են ներդրողի համար, օրինակ՝ հանքարդյունաբերությունը, շինարարությունը: Ի դեպ, կառուցապատումը, որպես ամենաշահութաբեր ճյուղ՝ շինթույլտվությունների բյուրոկրատական քաշքշուկների անվերջանալի շղթա է, որը լուրջ խոչընդոտ է ներդրողների համար, կամ շատ տարօրինակ են քաղաքի գլխավոր հատակագծով քաղաքի գոտևորման տարբերությունները, երբ քաղաքի միևնույն տարածքում մի շենքը կարող է կառուցվել ընդամենը 4 հարկ, մյուսը՝ 15 հարկ: Վառ օրինակ է Աջափնյակ թաղամասի նոր կառուցապատման ծրագիրը, որը, սակայն, տեղից չի շարժվում։ Իմ գնահատմամբ՝ այն ևս քաղաքական ճգնաժամի հետևանք է»,-նշել է Թարվերդյանը:
Նրա դիտարկմամբ, այս իրավիճակից ելքը պետական կառավարումը պրոֆեսիոնալներին հանձնելն է, այնինչ այժմ հատկապես գործադիրում աշխատում են ոլորտից անտեղյակ անձինք, որոնց միակ առավելությունը քաղաքական թիմի անդամ լինելն է: