24/01/2023 15:44
44-օրյա պատերազմն ու Լաչինի միջանցքի փակումը ևս մեկ անգամ ապացուցում են՝ արցախահայերը որևէ կերպ չեն կարող ապրել Ադրբեջանի կազմում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հանդիպել է Բազմակուսակցական ժողովրդավարության նիդերլանդական ինստիտուտի ծրագրերի և գիտելիքի հարցերով տնօրեն Վուտեր Դոլին և ծրագրի ավագ խորհրդական Ռիմ Յուդեին։
«Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացներն արտահայտվում են Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններով և Արցախի նկատմամբ ագրեսիայով: Արցախում Ադրբեջանի այլատյացության ու ռազմատենչ հայտարարությունների համատեքստում ֆիզիկական գոյության խնդիր կա: 44-օրյա պատերազմն ու Լաչինի միջանցքի փակումը ևս մեկ անգամ ապացուցում են, որ արցախահայերը որևէ կերպ չեն կարող ապրել Ադրբեջանի կազմում», - ասել է Աբրահամյանը։
Հյուրերի խնդրանքով պատգամավորն անդրադարձել է Արցախում տիրող իրադրությանը, Լաչինի միջանցքի փակման հետեւանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին:
«Արցախի հարցը տարածքային խնդիր չէ, այլ այնտեղ հարյուրամյակներ ապրող հայերի ինքնորոշման իրացման հարցն է, որը բխում է միջազգային իրավունքից: Այնտեղ ապրող մարդիկ իրենց ճակատագիրը տնօրինելու իրավունք ունեն», - ասել է Տիգրան Աբրահամյանը:
Բազմակուսակցական ժողովրդավարության նիդերլանդական ինստիտուտը նախատեսում է Հայաստանում իրականացնել «Քաղաքական կուսակցությունները՝ հանուն ներառական ժողովրդավարության» ծրագիրը: Վուտեր Դոլը նշել է, որ այցի նպատակն է ուսումնասիրել և պարզել, թե մեր երկրում իրենց ծրագրերն իրականացնելու ինչ հնարավորություններ կան: Հյուրերը ներկայացրել են ծրագրի նպատակը, հիմնադրույթներն ու սկզբունքները, ժողովրդավարական մշակույթ ձևավորելու իրենց տեսլականը:
Տիգրան Աբրահամյանն իր հերթին մանրամասնել է իրենց կուսակցության (ՀՀԿ) անցած ուղին, միջազգային գործընկերների հետ գործակցության առանցքը և ծրագրի շրջանակում համագործակցության պատրաստակամություն է հայտնել:
Կողմերը փոխգործակցության հեռանկարներն ու կոնկրետ ուղղություններն առաջիկայում քննարկելու պայմանավորվածություն են ձեռք բերել: