24/01/2023 11:30
Զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողների մոտ կա դրական դինամիկա. 2-ը, սակայն, դեռ կմնան վերակենդանացման բաժանմունքում
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած երեք զինծառայողների առողջական վիճակում դրական դինամիկա է գրանցվել։
Կայուն ծանր վիճակով զինծառայողները, սակայն, շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում։
«Վերակենդանացման բաժանմունքում գտնվող զինծառայողների մոտ դրական դինամիկա կա, բայց, հաշվի առնելով ստացած վնասվածքները, հսկողության տակ են գտնվում։ Վերքերը մի քիչ դժվար են կորեկցվում, դրա համար պետք է միշտ հետևել, բայց դրական դինամիկա կա», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը։
Նրա խոսքով՝ հիվանդասենյակում գտնվող զինծառայողի վիճակը բավականին լավ է, սակայն դուրս գրելու մասին դեռ խոսք չկա։
Հիշեցնենք՝ հունվարի 19-ին՝ ժամը 01․30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացել է 15 ժամկետային զինծառայող։
Երեք զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց և բուժում է ստանում Այրվածքաբանության ազգային կենտրոնում:
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվեցին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու բարձրաստիճան այլ զինվորականներ։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։