24/01/2023 10:14
«Ժողովուրդ». ՔՊ-ի «սրտի օլիգարխը» ԱԺ-ում հանդիպել է Եվրասիական հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վաղարշակ Հակոբյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ի «սրտի օլիգարխ» Նարեկ Նալբանդյանը երեկ եկել էր խորհրդարան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օլիգարխը ԱԺ է եկել թիկնապահների ուղեկցությամբ, սակայն թիկնապահներին թույլ չի տրվել մտնել խորհրդարանի շենքից ներս: Վերջինիս այցի ժամանակ երթևեկությունն է անգամ խաթարվել, քանի որ նրա ավտոշարասյունը ճանապարհներ է փակել՝ խցանումներ առաջացնելով:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջինս խորհրդարանում հանդիպել է ՔՊ խմբակցության պատգամավոր, Եվրասիական հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վաղարշակ Հակոբյանին, որը զբաղեցնում է հանձնաժողովի նախագահի թափուր սենյակը: Մեր աղբյուրները հայտնեցին, որ վերջինս Վաղարշակ Հակոբյանի մոտ է գնացել ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հորդորով: Ինչպես հայտնի է, Նարեկ Նալբանդյանը հենց գործող իշխանությունների աջակցությամբ է դարձել օլիգարխ:
Իշխանությունների շնորհիվ նա ձեռք է բերել Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը 5 մլրդ դրամով «փակովի» տարբերակով: Նարեկ Նալբանդյանը նաև ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ կալանքի տակ գտնվող առանձնատան վաճառքի գնորդն էր. այդ գործարքը կատարվել էր կասկածելի ճանապարհով և պայմաններում»։