24/01/2023 20:35
Ռուսաստանում հայտարարել են՝ որակյալ մասնագետների վերադարձի համար պայմաններ է պետք ստեղծել
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ նշել է, որ Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի երկիրը լքած արժեքավոր մասնագետները, հատկապես ՏՏ ոլորտի ներկայացուցիչները, վերադառնան ու գործունեություն ծավալեն հայրենիքում։
«Անկասկած, այդ որակյալ կադրերը մեծ հետաքրքրություն են ներկայացնում երկրի համար։ Իհարկե, մենք շահագրգռված ենք, որ նրանց վերադարձի համար ստեղծվեն բոլոր պայմանները և իհարկե, նրանց հետ պետք է աշխատել այն ուղղությամբ, որ շարունակեն իրենց գործունեությունն՝ ի բարօրություն ռուսական պետության»,- ասել է Պեսկովը։
Նմանատիպ հայտարարությամբ հանդես է եկել նաև «Միասնական Ռուսաստան» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղար Անդրեյ Տուրչակը։
«Անհրաժեշտ է պայմաններ ստեղծել, որպեսզի Ռուսաստանից հեռացած մասնագետները վերադառնան», -հայտարարել է նա։
«Նրանց համար, ովքեր ինչ-ինչ պատճառներով հեռացել են Ռուսաստանից, բայց պատրաստ են աշխատել իրենց երկրի և տնտեսության համար, պետք է ստեղծենք բոլոր պայմանները, որ ձեռնարկատերերը, մասնագետները, հատկապես ՏՏ ոլորտի ներկայացուցիչները վերադառնան։ Նրանց համար, ովքեր չեն վատաբանել սեփական երկիրը, չեն թեքվել մեր քաղաքական կամ ռազմական հակառակորդների կողմը, պետք է ստեղծենք բոլոր պայմանները»,- ասել է Տուրչակը։