24/01/2023 10:21
«Ժողովուրդ». ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ո՞վ է կանգնած Պապիկյանի հրաժարականի թիկունքում, ո՞ւմ համար է ազատվում ՊՆ նախարարի աթոռը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «15 զինծառայողի կյանք խլած ողբերգական հրդեհից հետո Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականի մեծ պահանջ բարձրացավ հանրության ամենատարբեր շերտերի մոտ: Թեև հասարակության զայրույթը զսպելու համար իշխանությունները միջադեպից ժամեր անց, չսպասելով անգամ քննության ավարտին, բարձրաստիճան զինվորականներ աշխատանքից ազատեցին, բայց սա «չի փրկում» Պապիկյանին:
Հասարակությունը ողբերգական միջադեպի առաջին պատասխանատու համարում է Պապիկյանին և պահանջում նախարարի հրաժարականը: Հասարակության զայրույթը թեժացավ հատկապես այն բանից հետո, երբ Պապիկյանը դեպքից միայն 2-3 օր անց գնաց Գեղարքունիք՝ իրավիճակին ծանոթանալու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ մի թևն անհանգստացած է Պապիկյանի հրաժարականի պահանջից ու փորձում են հարցուփորձով հասկանալ՝ ով է կանգնած Պապիկյանի հրաժարականի թիկունքում, այսինքն՝ ում համար է ազատվում ՊՆ նախարարի աթոռը:
Նկատենք, որ ՔՊ-ականները ջանք ու եռանդ չեն խնայում իրենց կուսակցին արդարացնելու և հանրային զայրույթը պարպելու համար: Միջադեպի հաջորդ օրը՝ առավոտյան, ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, անդրադառնալով Պապիկյանի պահանջին, հայտարարեց, որ այդ հարցը տեղին չէ, չպետք է նախարարին «քավության նոխազ դարձնենք»: Արփի Դավոյանն էլ հրապարակում է Պապիկյանի լուսանկարը և ստատուս ձոնում նրան՝ ասելով, թե Պապիկյանի իրականացրած բարեփոխումների արդյունքում նման ցավալի դեպքեր չեն կրկնվի բանակում:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ երեկ լրագրողների հետ զրույցում փորձեց ապահովագրել Պապիկյանին՝ ասելով, թե նա որևէ կերպ չի կարող այս ամենի հետ կապ ունենալ: Մեզ հասած տեղեկություններով՝ ՔՊ-ում այս պահին դեռևս Սուրեն Պապիկյանին փոխարինող անձ չեն գտնում»։