25/01/2023 15:15
4700 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը. Արցախի շրջափակման 45-րդ օրն է. Վիճակագրություն
Արցախի կառավարությունը հրապարակել է շրջափակման 45 օրվա վիճակագրությունը։
11 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
10 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
Արդեն 164 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 500 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։
Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 46 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։
Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 4,700 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։
Ավելի քան 17,600 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:
Կարևոր փաստեր
Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով 45 օր շարունակ շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120,000 բնակչությանը:
Շրջափակման պատճառով Արցախի 120,000 բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30,000 երեխա, 20,000 տարեց, 9,000 հաշմանդամություն ունեցող անձ) կրում է բազմաթիվ զրկանքներ և կանգնած է նաև սովի ռիսկի առջև:
Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով հունվարի 9-ից ամբողջությամբ կամ մասամբ փակվել է 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ։
6,828 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ, նախակրթարան և երկարօրյա դպրոց հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք, սնունդ և կրթություն ստանալու հնարավորությունից:
Հունվարի 18-ից ջեռուցման ու էլեկտրամատակարարման խնդիրների պատճառով դադարեցվել է Արցախի բոլոր 118 դպրոցների աշխատանքը՝ ավելի քան 20,000 երեխայի զրկելով կրթություն ստանալու իրավունքից: