25/01/2023 21:21
Ո՞ր տարիքից սկսած՝ կարելի է ներկել մազերը․ մասնագիտական խորհուրդներ
Ցանկացած կին ջանք չի խնայում արտաքին տեսքը փոփոխելու, ավելի գեղեցիկ երևալու համար։ Մազերը, դրանց գույնը, հարդարանքը, սանրվածքը մեծ դեր են խաղում այս գործում, այդ պատճառով էլ կանայք մեծ ուշադրություն են դարձնում ոչ միայն մազերի խնամքին, այլև դրանց ձևին ու հատկապես գույնին։
Շատ կանայք ու աղջիկներ իրենք իրենց հարց են տալիս՝ ե՞րբ կարելի է սկսել ներկել մազերը, ո՞ր տարիքից, որպեսզի դրանք չփչանան։ Ոճաբաններն ու պրոֆեսիոնալ վարսահարդարները մի քանի խորհուրդ են տալիս, որոնք կօգնեն ճիշտ կողմնորոշվել։
Որ տարիքից էլ որոշեք սկսել ներկել մազերը, առաջին հերթին պետք է սկսել մազերի ներկի ընտրությունից, ներկի բաղադրության ուսումնասիրությունից։ Եթե այս հարցում ինքնուրույն չեք կարողանում կողմնորոշվել, ապա ամենաճիշտը մասնագետին դիմելն է ու նրա խորհուրդներով առաջնորդվելը։
Մազերն առաջին անգամ ինքնուրույն, տնային պայմաններում ներկել խորհուրդ չի տրվում։ Եթե գեղեցկության սրահ այցելելու համար գումարը չի բավականացնում, ապա նվազագույնը՝ պետք է մազերը ներկելու խնդրանքով դիմել այնպիսի մեկին, ով այդպիսի փորձ ունի, սակայն ամենաճիշտը վարսահարդարի ծառայություններից օգտվելն է։
Եթե սպիտակ մազեր չունեք, ապա խուսափեք ուժեղ պիգմենտացիայով ներկեր գործածելուց։ Երիտասարդ աղջիկները շատ ավելի ճիշտ կանեն, եթե վարսերը ներկելու փոխարեն՝ նախապատվություն տան տոնիկներին կամ ամիակ չպարունակող ներկանյութերին։ Դրանք նույնպես գույն ու երանգ են հաղորդում վարսերին, սակայն չեն փչացնում դրանք։
Եթե, այնուամենայնիվ, վերջնական որոշում եք կայացրել, որ մազերի գույնը պետք է փոխել ներկի միջոցով, ապա պետք է միշտ օգտվել մազերի խնամքի այնպիսի միջոցներից, ինչպիսիք են վերականգնող քսուքները՝ «դիմակներն» ու բալզամները։
Անչափահաս աղջիկները երբեմն պնդում են, որ ցանկանում են անպայման ներկել մազերը։ Դա պայմանավորված է առանձնանալու, բոլորից տարբերվելու, իրենց «համարձակությունն» ի ցույց դնելու ցանկությամբ։ Ծնողների խնդիրն է համբերատարություն ցուցաբերելն ու երեխային մանրամասն բացատրելը, որ ներկելուց հետո մազերի բնական գույնն ու տեսքը վերադարձնելը չափազանց բարդ է լինելու։ Մեկ այլ տարբերակ է բնական միջոցների՝ խնայի, բասմայի կամ թեթև տոնիկների «օգնությանը» դիմելը։
Որքան հնարավոր է՝ ավելի ուշ սկսեք մազերը ներկել ամբողջ երկայնքով, հատկապես, եթե սպիտակ մազեր չունեք։ Կարելի է ներկել միայն մազարմատների շրջանը կամ մասնակի գունաբացում , մասնակի երանգավորում (мелирование, колорирование) անել։ Դա նույնպես գեղեցիկ է և նորաձև, բացի այդ՝ այնքան վնասակար չէ մազերի համար, որքան դրանք ամբողջ երկայնքով ներկելը։
Եթե ցանկանում եք մի փոքր փոխել մազերի երանգը, ապա կարելի է բնական միջոցներից օգտվել։ Երիցուկի թուրմը, կիտրոնի հյութը, սոխի կեղևը թեթև ու նոր երանգավորում կտան ձեր վարսերին, ինչպես նաև կսնուցեն դրանք։
Ընդհանրապես՝ մասնագետները խորհուրդ չեն տալիս մազերը ներկել մինչև 30 տարեկանը, քանի որ երիտասարդ կանանց վարսերը բնական փայլ ու գեղեցիկ երանգ ունեն։ Ներկերից օգտվել խորհուրդ է տրվում ավելի հասուն տարիքում, երբ ի հայտ են գալիս սպիտակ մազերն ու վարսերի բնական փայլն աստիճանաբար սկսում է խամրել։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։