25/01/2023 15:33
Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել ԱՆԻՖ-ի գործունեության շրջանակը լավարկող առաջարկներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ներկայացվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) գործունեության հաշվետվությունը:
Քննարկմանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ, ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը, ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը, պաշտոնատար այլ անձինք:
Վարչապետ Փաշինյանին զեկուցվել է ֆոնդի կողմից իրականացվող ծրագրերի և ներդրումային պորտֆելի մասին։ Նշվել է, որ ԱՆԻՖ-ի եռամյա գործունեության արդյունքում, համատեղ ծրագրերով, Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ներդրվել է ընդհանուր առմամբ 214 մլն ԱՄՆ դոլար, 2021-2022թթ. ստեղծվել և պահպանվել է շուրջ 800 աշխատատեղ։
Ռազմավարական նշանակություն ունեցող 2 խոշոր ներդրումային ծրագրերից մեկը՝ ԱՆԻՖ-ի և «Էյր Արաբիա» ընկերության համատեղ «Ֆլայ Արնա» հայկական ազգային ավիաընկերությունն անցած տարվա հունիսից սկսել է իրականացնել չվերթներ։ Ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում 4 ուղղությամբ, առաջիկայում նախատեսվում են ևս 3 նոր չվերթներ: Ընթացքի մեջ են ԱՆԻՖ-ի և արաբական «Մասդար» ընկերության համատեղ «Այգ-1» ֆոտովոլտային կայանի կառուցման նախապատրաստական աշխատանքները: Առաջիկայում կավարտվի կայանի կառուցման համար Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) գործընթացը, որից հետո նախատեսվում է հայտարարել կայանի կառուցման շինաշխատանքների իրականացման մրցույթ:
ԱՆԻՖ-ի դուստր ընկերության`«Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդի մասնակցությամբ իրականացվում է 7 ներդրումային ծրագիր, այդ թվում` գյուղատնտեսության, լոգիստիկայի, սպասարկման ոլորտներում: Մանրամասներ են ներկայացվել անցած տարեվերջին գործարկված ԱՌՖԻ քրաուդֆանդինգային հարթակի վերաբերյալ, որը նպատակ ունի խթանել ներդրումների ներգրավումը։
Հաշվետվության առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն: Քննարկվել են ԱՆԻՖ-ի գործունեության գործիքակազմին, ընթացիկ ծրագրերին, բիզնես ռիսկերի գնահատման մեխանիզմներին, հանրային հաղորդակցությանը վերաբերող և այլ հարցեր:
Վարչապետը կարևորել է ԱՆԻՖ-ի կողմից ռազմավարական նշանակության ծրագրերի, ներդրումային միջավայրի զարգացման միջոցառումների արդյունավետ իրականացումը և հանձնարարել հետևողական լինել այդ հարցում: Կառավարության ղեկավարը կարևորել է հաշվետվողականության ու թափանցիկության շարունակական բարձրացումը, հանրային ակտիվ իրազեկումը, որի կարևոր բաղադրիչներից է բիզնես խորհրդատվությունը, միջգերատեսչական շահագրգիռ համագործակցությունը:
Վարչապետ Փաշինյանը, հետագա անելիքների համատեքստում, հանձնարարել է ներկայացնել ԱՆԻՖ-ի գործունեության շրջանակը լավարկող առաջարկներ: